ԱՍՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆ

Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյան

ՌԴ Սարատովի մարզի Բալաշով քաղաքում վաղ լուսաբացին ծնվեց լույս ճառագող մի մանկիկ: Բուժքույրերն ապշեցին նրա ճերմակ ու մաքրամաքուր մաշկից ու հարցրին նոր խաղաղված հայուհուն.

— Անունն ի՞նչ եք դնելու:

— Մենուա,- մի կերպ շշնջաց խոնջած մայրը:

— Մենուա՞, իսկ ինչպե՞ս է թարգմանվում:

— Չի թարգմանվում, դա հայոց հզորագույն արքաներից մեկի անունն է:

Քույրերը ծիծաղեցին ու փոքրիկին պարզեցին մորը.

— Հիմա ամեն ինչ պարզ է, մամչկա, Դուք իրոք արքա եք ծնել, նայեք նրա վրա հետծննդյան որևէ հետք չկա, բացի երկրորդ մաշկից, մենք ասում ենք «в рубашке радился…», երջանիկ որդի եք ունենալու….: Երբ երրորդ դասարանում տեղափոխվեցին Հայաստան, դպրոցում շատ արագ հասկացան, որ տղայի մտածողությունը անհամեմատ առաջ է հասակակիցներից: Քննությունները հանձնեց մեծ հաջողությամբ և միանգամից փոխադրվեց 4-րդ դասարան: Դպրոցում ամենասիրած առարկաները աստղագիտություն ու աշխարհագրությունն էին, բայց փայլուն գիտեր նաև հայոց և համաշխարհային պատմություն: Մոր հետ միշտ հեռուստատեսությունում էր, շատ արագ կլանում ու փայլուն էր կատարում ռեժիսորների կամ օպերատորների ցանկացած հանձնարարություն: Դպրոցն ավարտելուց հետո թված նախանշված է ճանապարհը՝ հեռուստառեժիսուրա, բայց շուտով մեկնեց Մոսկվա՝ հոր մոտ և մեծ քաղաքի կյանքը կլանեց նրան: Որոշեց իրավաբանական կրթություն ստանալ, բայց երկու տարուց վերադարձավ հայրենիք և միացավ «Հայ ասպետ» հեռուստանախագծի ստեղծագործական թիմին: 10 տարի վարեց հեռուստանախագծի համակարգող- տնօրենի պաշտոնը՝ իր ձեռքերով կառուցելով հեռուստահաղորդման տաղավարները, նվիրվելով տիրոջ ու ծառայի պես: Ուսումը կիսատ չթողնելու համար հեռակա սովորեց և ավարտեց նաև Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի հանրային կառավարում բաժինը, բայց իր գործը միշտ ստեղծելը համարեց, կառուցելը: 2016թ. կամավոր մեկնեց Ապրիլյան քառօրյային ու մեկ ամիս ծառայելուց հետո վերադարձավ վերջնական որոշմամբ՝ հետախույզ է դառնալու….. Երազում էր մեծ ու գեղեցիկ տուն ունենալ, սեփական այգով, որ երեկոյան մոր ու զավակների հետ հող մշակի……հոկտեմբերի 5-ին նրա երազանքն ընդհատվեց. Թշնամու թիկունք առաջադրանքի մեկնած ջոկատը վերադարձին ընկավ շրջափակման մեջ……Մենուան ջոկատի հրամանատարն էր և առաջինը տվեց «կրակ» հրահանգը, իր վրա հրավիրելով թշնամու մահաբեր կրակը…… Լազուր աչքերը երկնքին հառած հասցրեց շշնջալ վերջին խոսքերը. «Տեր Աստված, զավակներիս լավ կպահես….»:

Կարին Տոնոյան

«Հայ ասպետ» դպրոցի ուսուցիչ Մենուա Հովհաննիսյանի մասին հաղորդումը դիտեք այստեղ․

https://www.facebook.com/watch/?ref=saved&v=427332612011060

Գևորգ Արշակյան

Գևորգ Արշակյանը ծնվել է է 1996 թ.-ին: Գերազանցության դիպլոմով ավարտելով Երևանի պետական համալսարանը՝ արժանացել է ԵՊՀ բրոնզե մեդալի:

 2015թ.-ին մասնակցել է «Հայ ասպետ» հեռուստախաղին, 2020 թ.-ից աշխատում էր «Հայ ասպետ» դպրոցում՝ որպես ռազմագիտության ուսուցիչ: Ավարտելով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը՝ ծառայել է, ինչպես ինքն էր ասում, «Մատաղիսի թագավորությունում»:

2020թ. սեպտեմբերի 28-ին Գևորգը՝ որպես կամավոր, մեկնեց առաջնագիծ : Նոյեմբերի 7-ին անմահացավ Շուշիի մարտերում:

«Հայ ասպետ» դպրոցի ուսուցիչ Գևորգ Արշակյանի մասին հաղորդումը դիտեք այստեղ․

https://www.facebook.com/iammedia.am/videos/328934098086774

Հարություն Սուքիասյան

Հարությունը իրական ասպետ էր. ընկերասեր, շատ տաղանդավոր, օժտված լավատեսական գաղափարներով։ Հայրենիքը նրա համար բարձրագույն արժեք էր։ Դրա համար էլ ընտրեց զինվորականի վեհ մասնագիտությունը։ Հարությունը առաջին իսկ օրվանից մեկնեց սահման՝ պաշտպանելու հայրենի հողերը։ Արեց ամեն ինչ՝ անգամ անհնարինը, քանի որ նպատակ ուներ զարգացնելու հայրենիքը։ Ծանր վիրավորումը ճակատագրական եղավ Հարությունի համար։ Անմահացավ 2020թ․հոկտեմբերի 30-ին՝ անավարտ թողելով ծրագրեր, նպատակներ, իղձեր, պարտավորեցնելով մեզ դրանք ավարտին հասցնել։

Նյութը մշակեց Անի Ղուկասյանը։

Հովհաննես Գրիգորյան

«Հայ ասպետ» հեռուսատախաղին է մասնակցել Սիսիանի թիվ 1 դպրոցից` 2010 թվականին։ Հայրենապաշտ Հովհաննեսը, գերազանցությամբ ավարտելով դպրոցն ու ընդունվելով համալսարան, ընդունվեց նաև ՀՀ ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան՝ դառնալով հայրենիքի հավերժ զինվոր։ 2017 թվականին որպես լեյտենանտ բանակ զորակոչվելուց կարճ ժամանակ անց՝ փայլուն ու կարգապահ ծառայության համար ստացավ ավագ լեյտենանտի կոչում։ Ռազմահայրենասիրական երգերի սիրահար էր, նրա ամենասիրելի ու առաջին երգն էր «Մարտիկի երգը»։ Նրա կյանքի կարգախոսն էր «Հայերինիքի սիրուն համար, կամ մահ, կամ ազատություն»․․․Նա իր կյանքի մինչև վերջին շունչն անգամ ապրեց այդ կարգախոսով։ Հովհաննեսը մեծ մարդասեր ու նվիրյալ էր, և հենց այդպես էլ ապրեց իր կյանքի վերջին րոպեներին․ փրկեց զինակից չորս ընկերների կյանքը և ընկավ հերոսի մահով։ Հովհաննեսի կյանքի վերջին սխրանքը՝ սիրելի հեղինակի՝ Պարույր Սևակի «Մի պահ զղջում եմ» բանաստեղծության իր ամենասիրելի հատվածն էր բնութագրում․ «․․․Ես օգնեցի բոլորին, ես ինձ միայն չօգնեցի․․․»։ Դու օգնեցի՛ր․․․Օգնեցիր բոլորին․․․Հայրենիքիդ, ազգիդ, ընտանիքիդ, ընկերներիդ․․․ Դու օգնեցիր բոլորին՝ սեփական կյանքովդ մեզ կյանք նվիրելով, բայց նաև պարտավորեցրիր ապրել քո՛ փոխարեն․․․Արժանապատիվ ապրել ու արարել հայրենի հողում։

Նյութը մշակեց Միլենա Մկրտչյանը։

Հարութ Հովհաննիսյան

Հարութն օժտված էր իրական ասպետի բոլոր հատկություններով. ընկերասեր էր, նպատակասլաց, շատ տաղանդավոր և ամենակարևորը՝ նվիրված իր գաղափարներին։ Ուներ հատկություններ, որից զուրկ են շատ-շատերը. նա նկատում էր այն, ինչը չէր նկատի ոչ ոք։ Հասկանում էր այն, ինչը անհասկանալի էր մնացածին։ Սիրված էր բոլորի կողմից… Նրան պարզապես անհնար էր չսիրել… Վառվում էր արժանապատվությամբ և ինքնասիրությամբ։ Հայրենիքը նրա համար բարձր արժեք էր և հենց այդ գիտակցմամբ էլ զորակոչվել էր բանակ։ Մարտական ընկերները պատմում են, որ Հարութն անսպառ հումոր ուներ, գիտեր որտեղ ու ինչպես փոխել իրավիճակը։ Մեր հերոսը զոհվեց Վարանդայից Հադրութ գնալու ճանապարհին՝ կիսատ թողելով հայրենանվեր գործը… Արժանի լինենք նրանց, ապրենք ասպետավայել…

Նյութը մշակեց Նարե Իսրայելյանը։

Բաբկեն Բազունց

Իսկական ասպետ էր Բաբկենը՝ տաղանդավոր, խելոք ու խելացի, մանկան պես պարզ էր, բայց նաև վճռական և հաստատուն իր ամեն որոշման մեջ։ Գիտեր անխնա նվիրվել հայրենիքին, ընտանիքին և սիրած գործին, այդ պատճառով էլ Բաբկենը ընտրել էր անվերջ նվիրում պահանջող մասնագիտություն․ որոշել էր դառնալ բժիշկ։ Հայրենիքի նվիրյալ զավակը լինելով՝ նա առաջնագիծ մեկնեց իր նախաձեռնությամբ։ Անմահացավ հոկտեմբերի 21-ին Հադրութի Դրախտիկ գյուղի շրջակայքում։

Նյութը մշակեց Ժաննա Չախալյանը։

Դավիթ Հովհաննիսյան

Ծնվել է 1995թ. Վայոց ձորի Շատին գյուղում, զոհվել է հոկտեմբերի 10-ին Ջաբրայիլում: 2012թ. Վայոց ձորի Շատին գյուղի միջն. դպրոցի թիմի կազմում Դավիթը մասնակցել է «Հայ ասպետ» հեռուստախաղին և եղել է խմբի ավագը: Մասնագիտությամբ տնտեսագետ էր, սովորել է ՀԱԱՀ-ում ՊՆ պատվերով: Ավարտելուց հետո գործուղվել էր Սիսիան՝ 5-ամյա ծառայության: Դավիթը արդեն 2 տարի ծառայության մեջ էր: Փառք ու պատիվ մեր հերոս Դավիթ Հովհաննիսյանին։ Ննջի՛ր ասպետ, քո պայքարը շարունակելի է:

Նյութը մշակեց Սէրլի Արթինեանը։

Դավիթ Բադալյան

Նա «Հայ ասպետ» հեռուստախաղին մասնակցած Արարատի մարզի Մասիսի N2 դպրոցի թիմի ավագն էր…… մեր Դավիթը…….. Կորցրինք լավագույններին……. կորցրինք անվերադարձ, բայց քանի մենք հիշում և պահպանում ենք նրանց հիշատակը մեր սրտերում, նրանք կապրեն ամեն մեկիս հետ` ամեն մեկիս կյանքով։ Ապագա բժշկին հատուկ հատկանիշներով օժտված պատանին խղճով էր, բայց նաև շատ ուժեղ , չափազանց աշխատասեր, խելացի ու նպատակասլաց, ընկերասեր, բարի ու նվիրված, հանգիստ ու համբերատար։ Հայրենիքի հանդեպ ունեցած մեծ սիրով և պարտքի զգացումով նա մեկնել էր ծառայության։ Դավիթը շատ կարևորում էր ընտանիքի գաղափարը և ապագայում ծրագրում էր կառուցել երեքհարկանի տուն։ Շատ մեծ տեղ էր տալիս կրթությանը, ընդունվել էր Հերացու անվան բժշկական համալսարան։ Դավիթը զոհվեց Մարտակերտում……….. և հավերժացավ:

Նյութը մշակեց Ժաննա Չախալյանը:

Արթուր Մարգարյան

Արթուր Մարգարյանը ծնվել է 1995 թվականի սեպտեմբերի 10-ին Գյումրիում։ Ուներ իսկական տղամարդուն և զինվորին հատուկ բոլոր հատկանիշները՝ հայրենասեր էր, գրագետ, խելացի։ Զբաղվում էր ձյուդո մարզաձևով և մասնակցելով տարբեր մրցույթների՝ դրանցից շատերում դարձել է հաղթող և մրցանակակիր։ 2011 թվականին Գյումրու թիվ 6 միջնակարգ դպրոցի կազմում մասնակցել է «Հայ ասպետ» հեռուստանախագծին և թիմի հետ հաղթել առաջին խաղը։ Երկրորդ խաղում մեր հերոսը թիմին բերել է 11, այնուհետև 10 միավոր։ Որպես հայրենիքի իսկական զավակ՝ 2013 թվականին մեկնել է Արցախ պարտադիր զինվորական ծառայության։ Սկզբնական շրջանում ծառայել է Շուշիում, ապա տեղափոխվել է Վարանդայի (Ֆիզուլի) զորամաս: Որպես զինվոր էլ պետք է մասնակցեր «Հայ ասպետ» հեռուստախաղին, բայց հակառակորդի հետ շփման գծում լարված իրավիճակի պատճառով տղային Շուշի չեն տեղափոխել, ինչի պատճառով էլ չի կարողացել մասնակցել խաղին։ Անմահացել է 2014 թվականի դեկտեմբերի 4-ին՝ մարտական հերթափոխի ժամանակ տեղի ունեցած պատահարի հետևանքով։ 2015-2018 թթ. դեկտեմբեր, 2020 թվականի հունվար ամիսներին Գյումրի քաղաքում տեղի են ունեցել ձյուդոյի միջքաղաքային հուշամրցաշարեր՝ նվիրված հայորդու հիշատակին։

Նյութը մշակեց Ժաննա Չախալյանը

Տիգրան Պողոսյան

Տիգրան Պողոսյանը ծնվել է 1995 թ. հուլիսի 5-ին Երևանում: 2001 թ. ընդունվել է Ա.Ս. Պուշկինի անվան թիվ 8 դպրոց, 2007 թ.-ին տեղափոխվել է Մուշեղ Իշխանի անվան դպրոց, որն ավարտելուց հետո ընդունվել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Գովազդի և Հասարակայնության հետ կապերի ֆակուլտետ: Գերազանց ավարտելով բակալավրիատը, ընդունվել է նույն համալսարանի մագիստրատուրա, որն ավարտելուց հետո 2018 թ.-ի հուլիսի 28-ին ծառայության է անցել Հայոց բանակում «Ես եմ» ծրագրով: Ուսման ամբողջ ընթացքում աշխատել է տարբեր գովազդային գործակալություններում, այնուհետև ընկերների հետ ստեղծել «42օ» գովազդային գործակալությունը, որտեղ աշխատել է նույնիսկ բանակում ծառայելու տարիներին, ունենալով հաջողություններ միջազգային հարթակներում: 2018 թ. դեկտեմբերին մասնակցել է «Հայ ասպետ» հեռուստախաղին: Բանակում ծառայելու ընթացքում բազմիցս խրախուսվել է, ստացել շնորհակալագրեր:2020 թ. սեպտեմբերի 25-ից եղել է Աղդամ-Մարտակերտ առաջնագծի դիրքերում մինչև հոկտեմբերի 14-ը: Հոկտեմբերի 15-ին «Ես եմ» ծրագրով ծառայողների 4-րդ վաշտը, ուր ծառայում էր Տիգրանը, տեղափոխել են Հադրութի մոտակայքում գտնվող Թութակի ձոր, ուր հոկտեմբերի 16-ին տեղի են ունեցել կատաղի մարտեր: Մարտի ընթացքում, երբ վաշտի մարտիկները սկսել են նահանջել, Տիգրանը ռադիոկապով իմացել է, որ ընկերը վիրավոր է, շտապել է օգնության և ընկերոջը վիրակապելիս զոհվել թշնամու գնդակից:

Նյութը մշակեց Միլենա Մկրտչյանը