«Հայ ասպետ» կրթադաստիարակչական, բարեգործական հիմնադրամը  ստեղծվել է 2006թ․(հիմնադիր-տնօրեն՝ Կարին Տոնոյան)։

Հիմնադրամի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում և Արցախում ստեղծել մանկապատանեկան և երիտասարդական հայրենասիրական կազմակերպություններ, աճող սերնդին դաստիարակել համամարդկային և ազգային բարձր գաղափարներով, համահայկական միջոցառումների և հեռուստահաղորդումների միջոցով նպաստել աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայ պատանիների և երիտասարդների համախմբմանն ու հայրենագիտական իմացության զարգացմանը:

  • 2006թ․ ՀՀ դպրոցներում կազմավորվեցին մանկապատանեկան խմբեր՝ նժդեհիկների (փոքրիկ թափառաշրջիկներ) դասակներ, որոնք, առաջնորդվելով ազգային գաղափարախոսությամբ (մասնավորապես Գ․ Նժդեհի), մասնակցելու էին բնասիրական, ռազմահայրենասիրական, արշավային և այլ միջոցառումների։

                                                                         

  • 2006թ․ հիմնվեց «Հայ ասպետ» կրթամշակութային  կենտրոնը, որի նպատակն էր լրացուցիչ կրթության միջոցով կազմակերպել դպրոցահասակ երեխաների հայրենասիրական դաստիարակության գործը, ձևավորել հայ երիտասարդի՝ հայրենաճանաչ, բարեկերթ, հայեցի դաստիարակությամբ և կրթական բարձր մակարդակ ունեցող կերպար, նպաստել հայ պատանիների շրջանում ռազմական կրթության նկատմամբ հետաքրքրության աճին, զարգացնել բանակ-դպրոց անհրաժեշտ կապը։

Դասավանդվել են առասպելաբանություն, հայրենագիտություն, վարվեցողակարգ, ազգային երգ, ազգային պար, մարտարվեստ, ազգային գաղափարախոսություն,  խոսքի մշակույթ և այլ առարկաներ։

Կազմակերպվել են արշավներ, լեռնագնացություն, բնասիրական միջոցառումներ (ծառատունկ, տարածքների մաքրում  և այլն)։  

  • 2008թ․բացվեց «Հայ ասպետ» հեռուստախաղը, որի նպատակն էր ինտելեկտուալ խաղի միջոցով  հայտնաբերել ՀՀ և Արցախի դպրոցներում սովորող օժտված պատանիներին։ Արշավների, զանազան միջոցառումների ու լրացուցիչ կրթության միջոցով նպաստել նրանց կրթական միջավայրի բարելավմանը։

Հեռուստախաղը եթեր հեռարձակվեց 10 տարի, մասնակցեցին 11 հազար աշակերտներ ՀՀ, Արցախի և Սփյուռքի բազմաթիվ դպրոցներից, շուրջ 300 զինծառայող՝ համաբանակային «Հայ ասպետ» ծրագրի շրջանակներում։

Հեռուստախաղի հեռարձակման ընթացքում դեպի ՀՀ մարզեր արշավների են մասնակցել 100-ավոր երեխաներ, ամեն տարի հաղթող թիմերը մեկնել են Արևմտյան Հայաստան՝ շրջագայության։

«Հայ ասպետը» դարձել է հարազատ օջախ խաղի բազմաթիվ մասնակիցների համար, որոնք հեռուստանախագծի փակվելուց հետո էլ շարունակում են պարբերաբար այցելել, մասնակցել տարբեր միջոցառումների։

  • 2016թ․ հիմնադրվել է «Հայ ասպետ» հանրակրթական  դպրոցը, որն առանձնանում է  ազգային նկարագրով ու ընտանեկան ջերմ մթնոլորտով։ Բացի հանրակրթական ծրագրերից, դպրոցում մատուցվում է նաև լրացուցիչ կրթություն՝ առասպելաբանություն, թուրքերեն, ազգային երգ-պար, նվագախումբ, մշակույթի պատմություն  և այլն։ Դասապատրաստումն արվում է դպրոցում։ Կազմակերպվում են արշավներ, բնասիրական, ավանդական և այլ բնույթի միջոցառումներ։
  • Հիմնադրամի ջանքերով նկարահանվել են հայրենաճանաչողական ֆիլմեր, ազգային պարերի ինքնուսույց , արշավային երգերի կարաոկե հավաքածու և այլն։