Տեսարժան վայրերը
Ազոխ, Ամարաս, Բովուրխանավանք, Գանձասար, Գտչավանք,Դադիվանք, Լուսավորիչ, Ծիծեռնավանք, Կանաչ Ժամ,Կաչաղակաբերդ, Հանդաբերդ, Ղազանչեցոց, Մայրաբերդ, Ննգի,Ննգիջան, Շոշկա, Շուշի, Սխտորաշենի չինարի, Տող,Ավետարանոց, Տիգրանակերտ, Ջերմաջուր, Հանդաբերդ (վանք)
Բնաշխարհը
Թարթառ
Արցախը որպես անկախ պետություն` Լեռային Ղարաբաղի Հանրապետություն (ԼՂՀ), գոյություն ունի 1991թ. սեպտեմբերի 2-ից: ԼՂՀ-ի տարածքը հիմնականում ընգրկում է Մեծ Հայքի Արցախ նահանգը:
Հայաստանի առաջին բաժանումից (387թ.) հետո Արցախը անցնում է Պարսկաստանին: Պարսկաստանի կազմում Արցախը Ուտիքի և Աղվանքի հետ միասին մտցվում է «Աղվանք» ընդհանուր անունն ստացած մարզպանության մեջ:
Արաբական տիրապետության ժամանակներում Արցախը կազմել է Արմինիա փոխարքայության մասը, իսկ հետագայում մտել է Բագրատունյաց հայկական թագավորության կազմի մեջ:
Հայ պետականության անկումից հետո, երբ Հայաստանը ասպատակում էին օտար նվաճողները, Արցախի իշխանություններն ամենից տևական պահպանեցին իրենց անկախությունը: Մտնելով Պարսկաստանի կազմի մեջ Արցախի իշխանությունները ունեին կիսանկախ կարգավիճակ: Դրանք միասին կոչվում էին Խամսայի մելիքություններ (Խաչենի, Ջրաբերդի, Դիզակի, Վարանդայի, Գյուլիստանի):
Արևելյան Անդրկովկաս թափանցած թուրքալեզու վայրի ցեղերը 15-րդ դարից սկսած Արցախի տարածքը կոչել են Ղարաբաղ:
Այժմ Արցախը կայացել է որպես երկրորդ հայկական պետություն: Այդպիսով ներկայիս Հայաստանը բաղկացած է Հայաստանի Հանրապետությունից (ՀՀ) և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից (ԼՂՀ):
Բնական պայմանները և հարստությունները
Արցախը բաժանված է 7 վարչական շրջանների` Շահումյանի, Քաշաթաղի, Մարտակերտի, Ասկերանի, Շուշիի, Մարտունու և Հադրութի: Վարչական կենտրոնները քարտեզի վրա ընդգծված են:
Արցախը ունի բարդ լեռնային ռելիեֆ: Մակերևույթի բացարձակ բարձրությունների տարբերությունները հասնում են մոտ 3700 մետրի (Կուր-Արաքսյան դաշտավայր` 100մ, Գոմշասար` 3724մ): ԼՂՀ հյուսիսային մասում, արևմուտքից արևելք ձգվում է Մռովասարի լեռնաշղթան, որի ամենաբարձր գագաթը Գոմշասարն է:
Արցախի համեմատաբար խոշոր գետը Թառթառն է (հայտնի է նաև որպես Տերտեր, Տրտու), որի վրա կառուցված է Սարսանգի ջրամբարը: Արցախի գետերից նշանավոր են նաև Խաչենագետը, Իշխանագետը և Հակարին: Արցախի բոլոր գետերի ավազանները հիմնականում անտառապատ են, հովիտները` գեղատեսիլ: Շատ են նաև հանքային աղբյուրները:
Գեղեցիկ է Արցախը...
Բնակչությունը
Հին հունական ու հռոմեական գրավոր աղբյուրները վկայում են, որ մեր թվարկությունից էլ շատ առաջ Մեծ Հայքի Արցախ, Ուտիք և մյուս նահանգների բնակիչները եղել են հայեր և խոսել են մեկ միասնական լեզվով` հայերենով: Արցախում հազարամյակներ շարունակ հայեր բնակվելու փաստը վկայում են ոչ միայն հայ, այլև արաբ, պարսիկ, վրացի ու թուրք հեղինակները:
Շատ են Արցախը ի սկզբանե հայերով բնակեցված լինելու նյութական ապացույցները ևս: Այդ տարածքում հայտնաբերված են հազարից ավելի հայերեն վիմագիր արձանագրություններ, ավելի քան 1600 պատմաճարտարապետական հուշարձաններ` վանքեր, եկեղեցիներ, պալատներ, հնագույն գերեզմանոցներ, խաչքարեր, բայց ոչ մի օտար հուշարձան` կառուցված մինչև 18-19-րդ դարերը:
18-19-րդ դարերում Արցախ են թափանցել թուրքալեզու քոչվոր ցեղեր, որոնք ընդհուպ մինչև 1926թ. համամիութենական (նախկին ԽՍՀՄ-ի) մարդահամարը պաշտոնապես կոչվել են կովկասյան թաթարներ: Հետագայում այդ ժողովրդին տրվեց ադրբեջանցիներ անվանումը:
Այժմ ԼՂՀ-ի բնակչությունը միատարր է. բնակվում են միայն հայեր:
Քաղաքները
ԼՂՀ-ի մայրաքաղաք Ստեփանակերտը կառուցված է Կարկառ գետի ձախ ափին: Ստեփանակերտը նախկինում Վարարակն կոչվող հին հայկական բնակավայրն է:
Վերջին տարիներին Ստեփանակերտի համար բնորոշ է եղել բնակչության և քաղաքային տնտեսության համեմատաբար արագ աճը: Քաղաքին բաժին է ընկնում ԼՂՀ-ի ամբողջ բնակչության մոտ 1/3-ը:
Ստեփանակերտը ԼՂՀ-ի ոչ միայն վարչական-քաղաքական, այլև մշակութային ու արդյունաբերական կենտրոնն է: Այստեղ են գտնվում հանրապետության նախագահի աշխատակազմը, Ազգային ժողովը, կառավարությունը, պետական համալսարանը, բազմաթիվ տեխնիկումներ ու դպրոցներ, մշակութային ու առողջապահական գլխավոր օջախները:
Արդյունաբերական ձեռնարկություններից հայտնի են մետաքսի և շինանյութերի կոմբինատները, գորգագործական ֆաբրիկան, էլեկտրատեխնիկական և գինու-կոնյակի գործարանները: Կան նաև կոշիկի, կահույքի և այլ ձեռնարկություններ:
Ստեփանակերտի առաջին հատակագծի (1926թ.) հեղինակը մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն է:
Շուշին Արցախի երկրորդ քաղաքն է: Գտնվում է Ստեփանակերտից 10կմ հարավ, շրջապատի նկատմամբ տիրապետող դիրք ունեցող սարավանդի վրա, Ստեփանակերտ-Գորիս ավտոմայրուղու հարևանությամբ:
Պատմական աղբյուրներում Շուշին հայտնի է որպես բնական անմատչելի դիրք ունեցող բերդաքաղաք, որտեղ արտաքին թշնամու հարձակումներից պաշտպանվել է գավառի բնակչությունը: 19-րդ դարում Շուշին դառնում է Անդրկովկասի առևտրական, արհեստագործական ու մշակութային կենտրոններից մեկը, բնակչության թվով (ավելի քան 40 հազ.) զիջում էր միայն Թբիլիսիին ու Բաքվին:
Շուշին ունեցել է տարբեր անուններ: Վաղ միջնադարում կոչվել է Շիկաքար, ավելի ուշ` Քարագլուխ, Քար, նաև` Շուշի բերդ:
Քաղաքը կառուցապատվել է գլխավոր հատակագծով, 2-3 հարկանի բնակելի շենքերով, դպրոցներով, հյուրանոցներով, խանութներով, եկեղեցիներով: Աչքի էին ընկնում Ղազանչեցոց Ամենափրկիչ մայր տաճարը, Խանդամիրյան թատրոնի շենքը, ճարտարապետական արժեք ներկայացնող այլ շինություններ:
Գանձասար վանքային համալիր 1238 թ.
Գանձասար վանքը գտնվում էր Արցախ նահանգի Մեծ Առանք գավառում (այժմ` Մարտակերտի շրջան), Խաչեն գետի ձախ ափին Վանք գյուղի դիմացի բլրի վրա։ Իր անունն ստացել է այդ բլրից, որի ընդերքում կան արծաթի և այլ մետաղների հանքեր։
Գանձասարը առաջնորդարան էր և Խաչենի իշխանների տոհմական տապանատունը։ Հասան-Ջալալյան տոհմի իշխանների հոգածության շնորհիվ Գանձասարը պահպանել է հոգևոր կենտրոնի իր դերը։ Վանքն ունեցել է հարուստ ձեռագրատուն, դպրանոց, որտեղ ստեղծվել են բարձրարժեք ձեռագրեր, կրթվել են հոգևոր գործիչներ, որոնք իրենց նպաստն են բերել Խաչենի և հարակից շրջանների մտավոր և մշակութային կյանքի զարգացմանը։ XVIIդ. Գանձասարի կաթողիկոսները սերտ համագործակցել են Արցախի մելիքությունների ազատագրական ոգորումներին։ XVIIIդ. այն դարձել է ազատագրական շարժումների կենտրոն։ Դարասկգբին Եսայի Հասան-Ջալալյան կաթողիկոսի շուրջն էին համախմբվել շարժման ղեկավար գործիչները։ Ազատագրական շարժման կենտրոնի դերը պահպանել է մինչև 1815թ.-ը, երբ ցարական կառավարության հրահանգով Գանձասարի կաթողիկոսությունը վերացավ, իսկ նրան փոխարինած միտրոպոլիտության աթոռանիստը դարձավ Շուշին։
Պահպանվել են տաճարը և գավիթը։ Հովհաննես Մկրտչի տաճարը 1216-38թթ.-ին կառուցել է Ներքին Խաչենի իշխան Հասան Ջալալ-Դոլան, իսկ գավիթը 1261թ.-ին հիմնադրել են Հասանը ու նրա կին Մամքանը, և ավարտել է նրանց որդի Աթաբակը 1266թ.-ին։ Աչքի է ընկնում ճարտարապետական հարուստ հարդարանքով։ Արտաքին հարդարանքում ճարտարապետի ուշադրության կենտրոնում են եղել 16 նիստանի թմբուկը։ Թմբուկի նիստերը մեկընդմեջ ջլատված են անկյունաձև խորշերով, որտեղ տեղադրված են երկու կտիտորների, Ադամի և Եվայի, Քրիստոսի, Աստվածամոր բարձրաքանդակները։ Գավիթի արևմտյան ճակատի կոմպոզիցիոն կենտրոնը ինքնատիպ, բարձր վարպետությամբ կատարված, հարուստ քանդակազարդված արևմտյան շքամուտքն է։
Գանձասարի եկեղեցու խորանի տակ ամփոփված է Հովհաննես Մկրտչի գլուխը, որը բերել էին հայ առևտրականները Վենեցիայից:
Դադիվանք (Խութավանք)Հիմնադրվել է I դ.
Դադիվանքը (Խութավանք) եղել է Արցախ նահանգի Խաչեն գավառի կրոնական ու մշակութային կենտրոնը։
Գտնվում է Արցախի Շահումյանի շրջանում`Թարթառ (Տրտու) գետի ձախ ափին, անտառապատ լեռան լանջին։ Հիմնադրվել է մ.թ. Iդ., քրիստոնեական քարոզչության համար նահատակված Դադիի գերեզմանի տեղում։ V դարից հիշատակվում է որպես եպիսկոպոսանիստ։ Ավերվել է արաբական արշավանքների ընթացքում։ XIIդ. սելջուկների ասպատակումների ժամանակ ամրոցի դեր է կատարել։ Այդտեղ էր Առանշահիկ-Վախթանգյան իշխանական տան տոհմական տապանատունը։ Համալիրի ներկայիս պահպանված շենքերը պատկանում են XII-XIIIդդ.։ Կաթողիկեն կառուցել է Վախթանգի կինը` Արզուխաթունը, 1214թ.-ին։ Ուղղանկյուն հատակագծով, ներքուստ խաչաձև, չորս անկյուններում երկհարկ ավանդատներով, ներսը որմնանկարազարդ (որ այժմ զգալիորեն վնասված է) շենք է։ Հարավային և արևելյան պատերին, կենտրոնական լուսամուտներից վեր, քանդակված են կտիտորները եկեղեցու մանրակերտի հետ։ Արևմուտքից երկհարկանի զանգակատունն է, սյունասրահը։ Զանգակատան խորշում են վանքի առաջնորդ Աթանասի` 1283թ.-ին կանգնեցրած երկու բարձրարվեստ խաչքարերը։
Կաթողիկեին կից է թաղակապ գավիթով, ուղղանկյուն բեմով երկրորդ եկեղեցին։ Համալիրի հյուսիսային մասում են մեծությամբ աչքի ընկնող միանավ եկեղեցին և նրան արևմուտքից կից գավիթը (XIIIդ.)։ Հարավում առանձին կանգնած է, փոքր գմբեթավոր եկեղեցին։ Համալիրի հարավային մասում վանքի օժանդակ կառույցների խումբն է` չորս սյուներով ժամատուն (1224թ.), նրան կից խոհանոցով սեղանատուն, հյուրատուն, գրատուն և սենյակներ։ Հարավ-արևմտյան մասում Հասան-Ջալալի ապարանքն է, առաջին հարկում` հնձանն ու մառանը։ Համալիրի կազմում կան նաև մատուռներ և խաչքարեր։ Կառույցների որմերը հարուստ են արժեքավոր արձանագրություններով։
Կանաչ Ժամ եկեղեցի 1874 թ.
Միջնադարյան նշանավոր հայ մշակութային կենտրոն Շուշի քաղաքում է գտնվում Կանաչ Ժամ կամ Սուրբ Հովհաննես Մկրտիչ կոչվող եկեղեցին: Կանաչ Ժամ անվանումը կապված է գմբեթի հետ, որը ներկված էր կանաչ գույնով:
Այդ գեղեցիկ և լավ պահպանված եկեղեցին տեղակայված է քաղաքի բարձրադիր մասում, որտեղից բացվում է հիանալի տեսարան ամբողջ քաղաքի վրա: Շինարարական արձանագրությունում ասվում է, որ շենքը կարուցվել է 1874թ.-ին:
Սլացիկ գմբեթի և զանգակատան շնորհիվ, Կանաչ Ժամը տեսանելի է քաղաքի բոլոր թաղամասերից:
Կառույցը պատկանում է VIIIդ.: Արաբական արշավանքների ժամանակ, ժայռեղեն կղզին կառուցապատվեց և վերածվեց ամրոցի: Որոշ աղբյուրներում, այդ հնագույն պաշտպանական կենտրոնը հիշատակվում է նաև Խաչենի ամրոց անունով:
Բազմիցս Կաչաղակաբերդը պաշտպանել է հարակից գյուղերի բնակիչներին: Համաձայն Մովսես Կալանկատուացու, IXդ.-ում Սպրամ անունով մի իշխանուհի, կորցնելով ամուսնուն, «տղամարդու արիություն է ձեռք բերում և, վերցնելով իր հետ ողջ մնացած դուստրին, հաղթահարում է երկար գիշերային ուղին և պաշտպանվում Խաչենի ամրոցում»:
Իր գերիշխող դիրքի և բացարձակ անմատչելիության շնորհիվ, բերդում կարելի էր պաշտպանվել նույնիսկ առանց զենքի: Պատահական չէ, որ ժողովուրդը ամրոցը կոչել է «Կաչաղակաբերդ», քանի որ միայն կաչաղակներին է այն հասանելի: Տեղի բնակիչները բերդը ճանաչում են «Սղսղան» անունով, քանի որ բազմաթիվ դեպքեր են եղել, երբ մարդիկ սղացել են լեռան գագաթից` չհասնելով պարսպին:
Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի 1886 թ.
Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին (1886թ.) հանդիսանում է Շուշի քաղաքի հպարտությունը: Այդ մոնումենտալ կառույցը ներդաշնակորեն ձուլվում է շրջապատի միջավայրի հետ:
Եկեղեցին գերիշխում է ոչ միայն ամբողջ բարձրավանդակի այլ նաև ընդարձակ Քարքարի հովտի վրա: Հատկապես արտահայտիչ է գմբեթը, որի սլացիկ թմբուկը ամբողջ կառույցին հաղորդում է վեհություն և շքեղություն:
Ղազանչեցոց եկեղեցին Հայաստանի նշանավոր պաշտամունքային կառույցներից է, որի մեջ վառ կերպով արտացոլվում է հայ շինարարի հանճարը: Հատկապես ուշագրավ է Աստծո քանդակը հարավային պատին: Եկեղեցուց արևմուտք տեղավորված է եռահարկ զանգակատունը, որի վրա կանգնեցված են փող հնչեցնող հրեշտակների արձանիկներ:
Եկեղեցու նկուղային սենյակներից մեկը հայտնի է մի խորհրդավոր երևույթով: Դա ընդամենը մի կիսագնդաձև սենյակ է, սակայն ունի շատ հետաքրքիր ակուստիկ հատկություններ: Երբ կանգնում ես նրա կենտրոնում` առաստաղի վրա արված անցքի տակ, քո ձայնը անհամեմատ ավելի բարձր է լսվում, սակայն մեկ մետր կողքի վրա կանգնած մարդու համար այդպես չէ, նա հասարակ ձայն է լսում: Առավել ևս շատ հետաքրքիր է լինում երբ սկսում ես երգել այդ անցքի տակ:
Այդ սենյակը օգտագործվում էր ժամերգության համար. քահանաները բարձր լսելով իրենց ձայնը կարողանում էին ավելի ճիշտ հնչեցնել երաժշտությունը:
Բացի բարձր ձայնից սենյակն ունի մեկ այլ հատկություն ևս: Եթե երկու հոգի կանգնի տրամագծորեն հակառակ կետերում, ապա մեկն ու մեկի շատ ցածր խոսացածը մյուսը շատ լավ կլսի, բայց սենյակում գտնվող այլ անձիք ոչինչ չեն լսի:
Մայրաբերդ XVIII դ.
Ամրոցը գտնվում է Ստեփանակերտից 14 կմ դեպի հյուսիս-արևելք: Դարեր առաջ ամրոցը (XVIIIդ.) և մոտակա բնակավայրը անվանվել էին Մայրաբերդ:
Կրկնակի պարիսպները և հարմարավետ դիրքը ստեղծել էին անհաղթահարելի պատնեշ թշնամիների համար: Դիտաշտարակները իրար միջև հաղորդակցվում էին նեղ միջանցքներով: Պարիսպները ներսից ունեն բազմաթիվ խորշեր և հրակնատներ: Պատերի հաստությունը հասնում է 2մ, իսկ բարձրությունը` 9մ: Կարքառի հովտի այդ առաջապահ ամրոցի պարիսպները ձգվում են ավելի քան 1,5կմ և բազմիցս հանդիսացել են հուսալի և հզոր վահան Շուշիի պաշտպանության ժամանակ:
Մայրաբերդի պատերի տակ «գրվել են» Հայոց պատմության բազմաթիվ հերոսական էջեր:
Շուշիի ամրոց XVIII դ.
Շուշին հպարտորեն բազմել է բարձրադիր սարահարթի վրա: Շուշիի ամրոցը (XVIIIդ.) պատկանում էր Վարանդայի տիրակալ` Մելիք-Շախնազարյաններին:
Պարիսպների պատերը ձգվում են 2,5կմ. սկսվում են սարահարթի հարավ-արևմտյան մասում խոյացող բարձր ժայռերից, զառիվեր լանջերով իջնում են ձորը և արևելքից կրկին ձուլվում են ուղղաձիգ ժայռերի հետ: Շուշիի մնացած կողմերը պաշտպանված են զառիվեր ժայռերով:
Հին ժամանկների ռազմական տեխնիկայի համար անմատչելի այդ պարիսպները կառուցված էին կրաքարից: 7-8մ բարձրությամբ պատերը ուժեղացված էին կիսակլոր աշտարակներով:
Քաղաք-ամրոցը միջնադարյան Արցախի նմանատիպ այլ կառույցների նման ունեցել է իր գաղտնուղին: Ժայռերի մեջ փորած աստիճանը սկսվում էր հարավային Երևանյան դարպասների մոտ և անցնելով քարանձավների բավիղների միջով դուրս էր գալիս Կարկառ գետի ձորը:
Շուշիի պաշտպանական համակարգում առաջնահերթ դեր էին խաղացել ամրություններից հարավ գտնվող բազմաթիվ քարանձավները:
Արցախի Տիգրանակերտ Մ.թ.ա. I դ.
Արցախի Տիգրանակերտ քաղաքը այն 4 նույնանուն քաղաքներից է, որոնք կառուցել է Տիգրան Մեծ արքան մ.թ.ա. I դարում:
Այդ քաղաքի մասին հիշատակել են VII դարի պատմիչներ Սեբեոսը և Մովսես Կաղանկատվացին։ Այն որպես բնակավայր գոյություն է ունեցել մինչև ուշ միջնադար և գտնվել է Խաչենի իշխանության տարածքում։ Այս շրջանից Խաչենագետի ներքին հովիտը կոչվել է Տիգրանակերտի դաշտ։ Տեղի բնակիչները պահպանել են նաև «Տկռակերտ» անվանումը։
Տիգրանակերտի ճշգրիտ տեղանքը հայտնաբերվել է 2005-ին։ Այն գտնվում է Վանքասար անունով սարի լանջին։ Տիգրանակերտի դիմաց՝ Խաչենագետի ձախ ափին նկատվել են մեկ այլ հնավայրի հետքեր։
2006-ին սկսվել են քաղաքի պեղումները։ Արդյունքում գտնվել և ուսումնասիրվել են քաղաքի միջնաբերդը, պարիսպները, քաղաքի կենտրոնական մասը և վաղ միջնադարյան բազիլիկ եկեղեցին։ Քաղաքը հիմնականում կառուցված է սպիտակ մեծ կրաքարերից։ Յուրահատուկ է պարիսպների որմնաքարերի հանգույցների «ծիծեռնակապոչ» ձևը։
Պեղումների ամենակարևոր գտածոներից մեկն է 2008-ին հայտնաբերված հայերեն արձանագրությունը:
2010 թ. Տիգրանակերտի պեղումներն ընթանում են 3 հիմնական հատվածում: Ամրացված թաղամասում, որը ստեղծվել է Տիգրան Մեծի օրոք, բացվում է հյուսիսային պարսպապատը: Երկրորդը միջնաբերդի հատվածի պեղումներն են, որտեղ բացվում են ժայռափոր համալիրները: Եվ երրորդը, որը հիմնական տեղամասն է, բազիլիկ եկեղեցու պեղումներն են, որտեղ հարավից եկեղեցուն կցված է եղել բաց սյունասրահ: Գտնվել է 600 լիտր տարողությամբ անտիկ կարաս` վրան օձապատկեր:
Վանքասարի գագաթին պահպանվել է VIIդ. եկեղեցի, որն այժմ վերանորոգված է:
Թարթառ (Տրտու) գետ
Թարթառ (Տրտու) գետը սկսվում է Արցախի լեռնաշղթայի հյուսիսային և Մռավսար լեռնաշղթայի հարավային լանջերից` 3158մ բարձրության վրա: Այն անցնում է Մարտակերտի և Քարվաճառի շրջաններով:
Գետի երկարությունը 220կմ է, ընդհանուր ավազանը` 2653ք.կմ: Սնումը գրունտային է (71%-ը) և ձնանձրևային: Գետի միջին անկումը 15,5մ, Մադաղիս գյուղի մոտ` 7,5մ, հոսքի արագությունը` մոտ 4մ/վ, տարեկան միջին ծախսը` 21,9խ.մ/վ: Գետը լեռնային է, հոսքի մեծ մասը անցնում է կանիոնանման խոր կիրճերով: Վարարում է գարնանը:
Թարթառը ունի ոռոգիչ և էներգետիկ մեծ նշանակություն: Գետի ռեժիմը կարգավորելու և ջրերն առավել արդյունավետ օգտագործելու նպատակով կառուցվել է Սարսանգի ջրամբարը, որն ունի ավելի քան 600մլն.խ.մ ծավալ: Ջրամբարին կից կառուցվել է համանուն ջրաէլեկտրակայանը: Թարթառի վրա է նաև Մադաղիսի ՀԷԿ-ը:
Թարթառ գետը անցնում է մի հիասքանչ ձորի միջով, որտեղ կարծես թե եղբայրացել են անտառներն ու ժայռերը: Գետափից ոչ հեռու գտնվում է Դադիվանքը: Թարթառ գետի ափին են գտնվում նաև Ջերմաջուր և Զուար տաք ջրերը:
Ստեփանակերտը
Ստեփանակերտը
Արցախի խոշոր քաղաքն է և մայրաքաղաքը։ Ունի 54,5 հազար բնակիչ (2013 թ.)։ Որպես քաղաքատիպ
բնակավայր հայտնի է 1847 թվականից։ Իսկ մինչև այդ հին հայկական բնակավայր էր՝ Վարարակն
անվամբ, որն ունի ավելի քան երկուհազարամյա պատմություն։ Հենց այս գյուղում 1840-ական
թվականներին ստեղծվել է ռուսական բանակի զորակայան՝ ռազմական, վարչական, բնակելի շինություններով,
որոնք էլ հիմք են հանդիսացել այժմյան քաղաքի ձևավորման համար։ Արցախում խորհրդային
կարգեր հաստատվելուց և երկրամասը ինքնավար մարզ հռչակվելուց հետո, 1923 թվականին
26 կոմիսարների առաջնորդ, Բաքվի կոմունայի ղեկավար Ստեփան Շահումյանի հիշատակը
հավերժացնելու համար այս բնակավայրը վերանվում է Ստեփանակերտ։ Այսինքն Ստեփանակերտը
պաշտոնական ձևով քաղաքի կարգավիճակ
ունի 1923 թվականից։ Մինչև 1978 թ. Ստեփանակերտը մարզային վարչական կենտրոն լինելուց
բացի, նաև համանուն շրջանի կենտրոն էր։ 1978 թ. հետո Ստեփանակերտի շրջանը
վերանվանվում է Ասկերանի շրջան, իսկ շրջանի կենտրոնը դառնում
է Ասկերան ավանը (այժմ քաղաք)։ Ստեփանակերտը այժմ ունի 25,6 կմք տարածք, գտնվում է
Արցախի լեռնաշղթայի արևելյան նախալեռնային մասի ոչ մեծ հարթության վրա, Կարկառ
գետի ձախափնյա գեղատեսիլ վայրում։ Շրջապատված է անտառներով, այգիներով, ունի մեղմ
կլիմայական պայմաններ. հունվարի միջին
ջեր մաստիճանը -0,2 0C, իսկ հուլիսինը՝ +22,40C, օգոստոսինը՝ +22,20C։ Մթնոլորտային տեղումները տարեկան
միջին հաշվով, կազմում են 535 մմ։
Ստեփանակերտը Արցախի նախագահի նստավայրն
է, այնտեղ են գտնվում Արցախի Հանրապետության Ազգային
ժողովը, կառավարությունը, բոլոր նախարարություններն ու
գերատեսչությունները (բացառությամբ՝ մշակույթի և երիտասարդության հարցերի
նախարարության և մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի), հասարակական, քաղաքական
կազմակերպությունները, բազմազան միություններ, հիմնադրամներ, դատաիրավական
մարմիններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների գրասենյակներ։