Գլխավոր
Մեր մասին
Ծրագրեր
Գաղափարախոսություն
Հեռուստախաղ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Երգեր
Կապ
 
 
 
 
 

«Հայ ասպետ» հիմնական և ավագ դպրոց


 
 

«Հայ ասպետ» տարեգրություն

 
   
 

«Հայ ասպետ» հիմնական դպրոց: 2017-18 ուս. տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների գնահատականներ

 

Բանակումներ -5-7 -օրյա հատուկ ծրագրով ռազմասպորտային օրակարգով բանակումներ



9 օր հայոց Արևելից աշխարհում      

Հայ ասպետների ամենամյա արշավ-այցելությունները դեպի հայոց Արևելից կողմ` Արցախ աշխարհ շարունակվում են: Հուլիսի 25-ին վաղ առավոտից հայ ասպետներն ու նժդեհիկները ճանապարհ ընկնելու տրամադրությամբ հավաքվել էին «Հայ ասպետ» կենտրոնում: 9 օր առանց ծնողների, նրանք ինքնուրույն պետք է կազմակերպեին իրենց օրը, այցելեին Արցախի պատմամշակութային վայրեր, իրենց ուժերով կանգնեցնեին  նախորդ դարասկզբի արցախյան ազատագրական պայքարի հերոս Թևան Ստեփանյանի կիսանդրին: Դեպի  Արցախ արշավին  մասնակցում էին նաև Վրաստանի Հանրապետության Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղի հայ ասպետները,  Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի N 2 դպրոցի, Արարատի մարզի Վանաշեն գյուղի դպրոցի սաները:

Արշավակաները  բավական ուշ  հասան ճամբար, որը տեղակայված էր Տումի գյուղի դպրոցի բակում, ընթրեցին ու տեղավորվեցին վրաններում: Հաջորդ օրը հայ ասպետները շրջեցին Տումի գյուղում, եղան  17-րդ դարում կառուցված Սբ. Հովհաննես եկեղեցում, Արցախյան ազատամարտի  և Հայրենական մեծ պատերազմի զոհերի  հիշատակին նվիրված հուշակոթողների մոտ և բարձրացան գյուղի հարավային կողմում գտնվող 10-րդ դարում կառուցված Կարմիր եկեղեցի: Արշավակաները ճամբար վերադարձան ավելի կարճ ճանապարհով, ջուր խմեցին «Թագավորի աղբյուրից», հասան ճամբար, ճաշեցին և սկսեցին պատրաստվել երեկոյան խարույկին և օրվա հերթապահ 1-ին դասակի կազմակերպած ներկայացմանը:

Հուլիսի 27-ին խումբը ճանապարհվեց դեպի Գանձասար, ճանապարհին այցելեց Ստեփանակերտի «Զոհված ազատամարտիկների հիշատակի» թանգարան: Գանձասար վանական համալիրում Հրայր սարկավագը պատմեց Գանձասարի պատմությունը, որից հետո երեխաները ճանապարհվեցին դեպի Տիգրանակերտի թանգարան:

Հուլիսի 28-ին հայ ասպետներն ու նժդեհիկները այցելեցին Գտչավանք, մաքրեցին ողջ շրջակայքը և որոշեցին ճամաբար վերադառնալ անտառի նեղ արահետով: Երեկոն` խարույկի շուրջ,  ողողված էր ասմունքով, ազգային երգով, պարով:

Հուլիսի 29-ին արշավորդները եղան Մարտունու շրջանի Սխտորաշեն գյուղում, տեսան ԱՊՀ տարածքի ամենամեծ  մոտավորապես 2045 տարեկան Տնջրի հսկա  սոսին   / չինարի / : Այս օրը ճամբարում հերթապահ էր չորրորդ դասակը, որը դեռ առավոտյան անակնկալ էր պատրաստել, նախաճաշին  յուրաքանչյուր սեղանի շուրջ նստածներին հանձնարարելով որևէ հետաքրքիր առաջադրանք, որոնք նրանք պետք է կատարեին ամբողջ օրվա ընթացքում: Խարույկի մոտ ամփոփելով առաջադրանքների արդյունքները` չորրորդ դասակը բեմականացրեց  Հովհաննես Թումանյանի «Փարվանա»ասքը /բալլադը/:

Հուլիսի 30-ը ճամբարային էր,  հայ ասպետներն ու նժդեհիկներն ամբողջ օրը պատրաստվում էին երեկոյի միջոցառմանը:

Այս տարի` Արցախ  կատարած արշավի ընթացքում, հայ ասպետները Արցախում կարևոր գործ ունեին` Տումի գյուղում պետք է կանգնեցնեին  նախորդ դարասկզբի Արցախի ազատագրական պայքարի  հերոս Թևան Ստեփանյանի կիսանդրին, որի համար մի ամբողջ տարի  «Հայ ասպետ» կենտրոնի սաների ծնողները գումար էին  հանգանակել «Երախտապարտ եմ, հայրենիք » դրամագլխով:  Նախաձեռնությանը աջակցել էին նաև երգիչ Մկրտիչ Մկրտչյանն ու քանդակագործ Դավիթ Մինասյանը:

Երեկոյան Տումի գյուղ տանող ճանապարհի վրա գտնվող աղբյուրի մոտ  կանգնեցվեց Թևանի բրոնզաձույլ կիսանդրին, 

որի կանգնեցման և տարածքի  բարեկարգման աշխատանքներին  անմիջական մասնակցություն էին  ունեցել հայ ասպետները: Այսուհետ յուրաքանչյուր Տումի մտնող , ցանկանալով ջուր խմել, նախ իր խոնարհումը կբերի ազգային հերոսին:

Կիսանդրու բացումից հետո հայ ասպետները հյուրերին հրավիրեցին ճամբար, որտեղ նրանք մասնակցեցին  նժդեհիկների և հայ ասպետների կազմակերպած համերգին, դիտեցին Թևանի մասին վավերագրական ֆիլմ և լցված <<թևանականությամբ» հեռացան ճամբարից:

Հուլիսի 31-ին` Վարդավառի տոնին, արշավախումբը բարձրացավ Ազոխի քարանձավ, փորձելով տեսնել այն հետաքրքիր նկարագրության իրական պատկերը, որը կարդացել էր գրքերում, ցավոք, քարանձավում պեղումներ էին կատարվում և ոչինչ բացի մուտքից հնարավոր չեղավ տեսնել:  Սփոփիչն այն էր, որ արշավականերին սպասում էին Շնաքար գետն ու Վարդավառը: Լավ ջրվելուց և ջրելուց հետո հոգնած, թրջված խումբը վերադարձավ «տուն»` ճամբար, ընթրեց և դիտեց Մարտունու թիմի  բեմադրած`  Լևոն Շանթի «Հին աստվածներ» դրամայից մի հատված:

Ճամբարային օրերին  դպրոցի բակում էին հավաքվում նաև տումեցիները և մեծ ու փոքր խառնվելով հայ ասպետներին, ազգային երգ ու պար սովորում: Վերջին երեկոն տխուր էր թե' տումեցիների, թե' հայ ասպետների համար. հայ ասպետների այս տարվա  արցախյան առաքելությունն ավարտված էր:

Օգոստոսի 1-ի վաղ առավոտյան, հրաժեշտ տալով հյուրընկալ Տումիին, հայ ասպետները մեկնեցին  Շուշի, եղան Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում և ճանապարհվեցին տուն:

Բաժանումը  տխուր էր, բայց առջևում նոր հաղթանակներ ու նոր արշավներն են: 

Հայ ասպետների վերադարձը

«Հայ ասպետ» հեռուստամրցույթի եզրափակիչ խաղի հաղթող Ջերմուկի N 1 միջնակարգ դպրոցը ներկայացնող մեկնեց Արևմտյան Հայաստան յոթօրյա ուխտագնացությանը մասնակցելու իրավունքին: Օգոստոսի 9-ի լույս 10-ի գիշերը Հանրապետության հրապարակում առանձնահատուկ տոն էր: Հայ ասպետներին դեպի Արևմտյան Հայաստան ճանապարհելու էին հավաքվել հիմնադրամի անդամները, ընկերներն ու բարեկամները: Այստեղ էին նաև «Հայ ասպետի» ամենակրտսեր անդամները` նժդեհիկները: Փոքրիկ թափառաշրջիկներն, ինչպես հիմնադրամում են նրանց կոչում, իրենց մանկական տաք ժպիտներով, ուրախ երգերով, չարաճճի շողշողացող աչուկներով առանձնահատուկ ոգևորություն էին հաղորդում հայ ասպետներին: Իրենց հետ տանելով ողջ հայության կարոտն ու սպասումը` ուխտավորների խումբը կեսգիշերին ճանապարհ ընկավ: Յոթօրյա այս ուխտագնացության ընթացքում հայ ասպետները եղան Կարսում, տեսան Կարսի բերդն ու Առաքելոց եկեղեցին, ոտաբոբիկ ուխտի գնացին Մշո Առաքելոց վանք, մատաղի արարողություն կատարեցին, մկրտվեցին Վանա լճի ջրերում, Սասնա Յարխուշտա ու Մշո քոչարի բռնեցին Հովվի կամրջին, տեսան Բիթլիսն ու Սարիղամիշը, Անիի Մայր տաճարում նշեցին Աստվածածնի վերափոխման տոնն ու մասնակցեցին խաղողօրհնեքի արարողությանը: Օգոստոսի 16-ին հայ ասպետներն արդեն Երևանում էին:

 …Ունեցածդ էլ ավելի է արժեվորվում, երբ ավելի է ուժգնանում այն կորցնելու վախը

  Դավիթն էլ մյուս հայ ասպետների նման միայն լսել էր Արևմտյան Հայաստանի մասին:

-Ինձ միշտ թվում էր` Արևմտյան Հայաստանն ամայի մի վայր է, որտեղ միայն ավերակներ են: Այն, ինչ մենք սովորում ենք դպրոցում մեր նախնիների երկրի և, ինչու ոչ, մեր այսօրվա երկրի պատմության մասին, կարծես ուղղակի տեղեկատվություն լինի, շատ մակերեսորեն: Առաջին պահին, երբ ոտքդ դնում ես նախնիներիդ երկրի հողին, աննկարագրելի մի բան է կատարվում: Միանգամից մի քանի բան ես զգում` դող, ցասում, զայրույթ, ափսոս ու կարոտ: Այդ հողին ես կանգնած, բայց միևնույն է, կարոտում ես: Արևմտյան Հայաստանն ասես մի հավերժական կարոտ լինի, որ երբեքև ոչ մի բանով չի մխիթարվում: Այնպիսի տպավորություն է, որ ինչ որ մեկը քեզ ցած է քաշում, մեր հողն էլ է ասես մեզ կարոտում: Երբեք չեմ կարող մոռանալ` ինչպես էր Կարին Տոնոյանը Կարսում Առաքելոց վանքի պատերը եռագույնով շոյում: Գուցե այդպես մեր հողը մեր կարոտն առնի:

  -Ինչն է հատկապես տպավորվել:

-Ողջ ուխտագնացությունն է դաջվել իմ մեջ ու էլ երբեք չեմ մոռանա այն, ինչ տեսել եմ այնտեղ: Պատմում եմ ընկերներիս, ասում, որ գնան ու տեսնեն մեր երկիրը, բայց ոչ թե հենց այնպես, ուղղակի տեսնելու համար: Հիմա էլ հոգուս խորքում նախկինի պես չեմ պայքարում մեր կորցրած հողերի վերադարձի համար: Մի տեսակ այլ զգացողություն ունեմ. Արեւմտյան Հայաստանը տեսնելուց հետո Արեւելյան Հյաաստանն ինձ համար էլ ավելի թանկ է դարձել: Երբ տեսնում ես, որ այդքան հսկա երկիրը խլել են ձեռքիցդ, ունեցածդ էլ ավելի է արժևորվում, երբ էլ ավելի է ուժգնանում այն կորցնելու վախը: 

  -Իսկ ինչ ես կարծում երբևէ Արևելյան եւ Արևմտյան Հայաստանները կմիանան իրար:

- Չեմ կարծում, երբևէ թուրք և հայ ժողովուրդների միջև չի կարող բարեկամություն լինել: Ինչպես կարելի է հաշտվել մի մարդու հետ, ով չի հարգում քեզ, բռնանում է քո ազատությանը: Եվ ինչպես է այսօր թուրք ազգը համարձակվում խոսել Եվրամիությանն անդամագրվելու, սահմաններ բացելու մասին, երբ այնքան բարաբարոս է ու վայրենի, որ մեզ մեր երկրում մեր լեզվով շարական երգել ու մեր խաչքարը կրող վանքում մեզ աղոթելու իրավունք չի տալիս: Ով պղծում է մեր վանքերը, այլանդակում մեր խաչքարը: Մեր եկեղեցիների քարերով գոմեր էին սարքել: Այսպես են պատրաստվում ներկայանալ քաղաքակիրթ հանրությանը: Ես հավատում եմ Գարեգին Նժդեհի խոսքերին, որ հայ և թուրք ժողովուրդների միջև երբեք բարեկամություն լինել չի կարող:

  -Կար հատուկ արգելք, թե ինքներդ էիք զգուշանում:

 -Կար, իհարկե, կար: Անիում մեզ անգամ բարձրաձայն աղոթել թույլ չտվին, ամբողջ պատարագի կարգը մտքով ենք անցկացրել, թղթից մտովի աղոթք ենք կարդացել ու մտովի շարականներ երգել: Թաքնված տեղեր էինք փնտրում, որ մոմ վառենք, հակառակ դեպքում գալիս ու արգելում էին: Ամեն անգամ մեր թրքացված կամ ավիրված վանքերը տեսնելուց աչքերս լցվում էին: Հատկապես հուզիչ էր, երբ Կարսում հայ մեծանուն գրող Չարենցի ավերված հայրական տան պատին կարդացինք Satilik նշումով ցուցատախտակ, որ թուրքերենից թարգմանաբար նշանակում է վաճառվում է: Եթե հնարավորություն ունենայի, անպայման կգնեի այդ տունը, կվերանորոգեի ու իսկական հուշահամալիր կդարձնեի:


Սիրել` նշանակում է ճանաչել

       2009թ.-ի հուլիսի 8-ին   «Հայ ասպետ»  հեռուստախաղի 1-ին եթերաշրջանի կիսաեզրափակիչ խաղի երեք արծաթե մեդալակիրները մեկնեցին Արցախ` հնգօրյա արշավ-բանակումի: Հաղթող թիմերի հետ Արցախ մեկնեցին նաև «Հայ ասպետի» այն անդամները, ովքեր հաղթահարել էին Բագրատ Ուլուբաբյանի «Զրուցարան», «Արցախի պատմություն» եւ Վլադիմիր Սևյանի «Շուշի» գրքերի բովանդակությունների հիման վրա անցկացված հարցազրույցը: Ճանապարհին նրանց միացան նաեւ հեռուստախաղին մասնակցած  Շուշի քաղաքի, Վանք գյուղի թիմերը: Արշավի ընթացքում հայ ասպետները եղան Շուշիում, ծանոթացան ազատագրման պատմությանը, այցելեցին Ստեփանակերտ, մասնակցեցին Գանձասարում կազմակերպվելիք հնգօրյա բանակումին: Եղան Ամարաս, Դադիվանք, Գանձասար, վանքային համալիրներում, այցելեցին «Հայրենյաց պաշտպաններ» ԿԲԸ-ի ճամբար, եղան հինավուրց Տիգրանակերտի պեղումների վայրում: Սակայն ոսկե մեդալները «Հայ ասպետի» առավելագույն մրցանակը չեն լինի. գլխավոր մրցանակը կազմակերպվող յոթօրյա ուխտագնացությունն է դեպի Արեւմտյան Հայաստան, որի ընթացքում նրանք կայցելեն Անի ու Կարս, կլողանան Բերկրիի ջրվեժներում, մի գիշեր կանցկացնեն Աղթամար կզու վրա, իսկ օգոստոսի 16-ին, ոտաբոբիկ ոխտի գնալով Մշո Առաքելոց վանք, այնտեղ կտոնեն Աստվածածնի տոնը: Այս ամենը կնկարահանվի և վերադարձից հետո կցուցադրվի որպես առանձին տեսաֆիլմ: «Գագաթների հաղթահարում ամենամյա ծրագրի շրջանակներում նախատեսվում է եռօրյա արշավ Մարտունի, ՀՀ բարձրությամբ երկրորդ գագաթ Աժդահակի գագաթի նվաճում: Բացի արշավներին ու բանակումներին մասնակցելուց հայ ասպետները շաբաթական երկու օր մասնակցում են ազգային երգ և պարի դասընթացների: Յուրաքանչյուր արշավի գնալիս հայ ասպետները նախ ծանոթանում են հայոց երկրի տվյալ շրջանի պատմությանը:

       «Ուսումնասիրելով մեր պատմության էջերը, ծանոթանալով մեր նախնիների վարք ու բարքին` հայ ասպետներն իրենց համար շատ սիրելի եւ տխուր էջեր հայտնաբերեցին, գուցե ոմանք չսիրեցին մեր պատմության մութ, դավադիր էջերը, հիասթափվեցին որոշ պատմական դեմքերից ու դեպքերից մեր գործիչներից ու արքաներից, բայց մենք դրանից միայն դրանից դասեր քաղելով է, որ այսօր ազատ ու անկախ, ազատագրված Լեռնային Ղարաբաղի հանարապետություն ունենք: Եվ որպեսզի երեխաները հասկանան իրենց նախնիների արյան գնով ազատագրված Արցախ աշխարհի արժեքը, նրանք պետք է տեսնեն այդ երկիրը, պետք է զգան այդ հողի ուժը: Հայրենքդ սիրելու համար նախ պետք այն ճանաչես: Մի տեսակ կտրվել է մարդու եւ բնության անքակտելի թվացող կապը, իսկ մենք մի համոզմունք ունենք , որ իսկական հայրենասիրությունը ծնվում է հայրենաճանաչողությունից: Համոզված ենք, երբ երեխաներն իրենք իրենց աչքով տեսնեն, շոշափեն ու զգան Արեւմտյան Հայաստան կոչվող երկրի ուժը, նրանց հոգում էլ ավելի է մեծանալու հայենիքի ապագայի հանդեպ սերն ու պատասխանատվության զգացումը»,- նշում է հիմնադրամի փոխտնօրեն Սամվել Ամիրխանյանը:

Նախագծի հեղինակ Կարին Տոնոյանը, ինչպես ինքը խոստովանեց, գուցե, զարմանալիորեն, բայց անվերապահորեն հավատում է, որ հիշողությունն ու կարոտը հզոր էնրգիա ունեն իրենց մեջ եւ կարող են տիեզերական ուժերի ներգործությամբ հրաշքներ գործել: Նա համարում է, որ ավագ սերնդի խնդիրը այդ ազգային հիշողությունն ու կարոտը անընդհատ բորբոքելն է, թեժ պահելը, մինչեւ...: Սա նաեւ «Հայ ասպետ» ծրագրի գերագույն նպատակն է, և ինչու միայն «Հայ ասպետի»...:  

© ''Հայ ասպետ'' կրթադաստիարակչական,
բարեգործական հիմնադրամ

Երևան, Արշակունյաց 20, Թելմանի անվան N13 դպրոց
Հեռախոս (+374 10) 58-63-73
Created by Planet AM