Ողջույն։ Ֆիլմերը, մուլտֆիլմերն ունեն զգայական, դաստիարակչական մեծ ազդեցություն և պետք է մեծ խնամքով ընտրվեն հատկապես երեխաների ու պատանիների համար։ Այսօր հաճախ ենք սկսում ընտանիքով մի ֆիլմ դիտել և անհարմարության կամ տհաճության զգացումով ստիպված ենք լինում դիտումը կիսատ թողնել։

Մեր նպատակն է գտնել և առաջարկել ձեզ ֆիլմեր, որոնք ունեն դրական ազդեցություն. ներկայացնում են մարդկային բարձր արժեքներ, նպաստում են բնություն-մարդ կապին, տալիս են օգտակար գիտելիքներ, ոգեշնչում, պարգևում են գեղագիտական հաճույք։ Կարճ ասած՝ համատեղում են հաճելին ու օգտակարը։

✅Սիրով կուսումնասիրենք ձեր առաջարկները ևս։

«Մարտական ձի» / Боевой конь/ War horse

Նախընտրելի տարիք՝ 14+

Սփիվեն Սփիլբերգի նկարահանած այս ֆիլմը մարդու ու ձիու մեծ բարեկամության մասին է, որը բաժանում ու զրկանքներ չի ճանաչում։ Ալբերտի հայրը մի հրաշք քուռակ է գնում ու հայտնվում ծանր վիճակում, որովհետև գումարը չէր կարող ամբողջությամբ տալ, իսկ պարտատերը պարտքի դիմաց ֆերման է պահանջում։ Ալբերտը հոգ է տանում ձիու՝ Ջոուի մասին, վարժեցնում, մտերմանում։ Սակայն սկսվում է Առաջին համաշխարհային պատերազմը, ու Ալբերտի հայրը վաճառում է ձիուն, որ ֆերման փրկի։ Ալբերտը պատրաստ է գնալ Ջոուի հետևից, բայց նա ընդամենը 15 տարեկան է։ Ի՞նչ փորձություններ պիտի անցնի Ջոուին, կտեսնե՞ն նրանք իրար կրկին։

«Ալֆա» / Алфа -2018թ.

Նախընտրելի տարիք՝ 12+

Պատկերացնենք, թե որքան դժվար էր Երկիր մոլորակի վրա ապրելը հնագույն ժամանակներում ու տեղափոխվենք այնտեղ՝ տեսնելու, թե ինչպես են առաջին անգամ բարեկամանում մարդն ու գայլը՝ հիմք դնելով մարդու ու շան բարեկամությանը։ Ֆիլմն աչքի է ընկնում բանաստեղծական բնապատկերներով և արկածային սյուժեով։

«Մարզիչը» / Тренер/ McFarland -2015 թ.

Նախընտրելի տարիք՝ 12+

Ոգեշնչող ֆիլմ՝ հիմնված իրական դեպքերի վրա։ Գլխավոր դերում տաղանդավոր Քևին Քոսներն է։Կալիֆոռնիայի փոքրիկ քաղաք է տեղափոխվում անհաջողություններից ու իր բռնկուն բնավորության հետևանքներից փախչող մարզիչ Ջիմ Ուայթը։ Քաղաքը բնակեցված է մեքսիկացի ներգաղթյալներով, որոնք դաշտերում մեծ տանջանքով են իրենց հացը վաստակում։ Քաղաքի մթնոլորտն անառողջ է, և Ջիմն անհանգստանում է իր դուստրերի անվտանգության համար։Ջիմ Ուայթը դպրոցում աշխատանքի է անցնում և զարմանալի բացահայտում անում. իր՝ սպորտով չհետաքրքրվող սաները առավոտ վաղ գնում էին դաշտերում աշխատելու, ապա վազելով հսկայական ճանապարհ անցնելով՝ հասնում էին դպրոց։Ջիմը ծրագիր է մշակում։ Նա հաջողության կհասնի՞ , թե՞ ոչ, պարզ կլինի ֆիլմի վերջում, բայց ակնհայտ է , որ երկու կողմն էլ իրարից շատ բաներ են սովորելու։

«Սուտ՝ հանուն փրկության» / Ложь во спасение/ The Good lie -2014 թ.

Նախընտրելի տարիք՝ 14+

«Թեև մեզ բաժանում են մեր տարբերությունները, մեր ընդհանուր մարդկայնությունը միավորում է մեզ։ Եթե ուզում ես արագ հասնել, գնա մենակ, իսկ եթե երկար, միասին գնացեք»։

«Ես կարոտում եմ Սուդանը, այնտեղ մենք ԳԻՏԵԻՆՔ ՝ ԻՆՉ ՏԵՍՔ ՈՒՆԻ ԱՌՅՈՒԾԸ….(վտանգը)»։

Պատմական հիմքով ֆիլմ՝ պատերազմի հետևանքների, ընտանիքի կարևորության, երախտագիտության ու նվիրվածության մասին։Մամերը իր քրոջ և եղբայրների հետ ստիպված է լինում փախչել հայրենի գյուղից՝ Սուդանում սկսված քաղաքացիական պատերազմի պատճառով։ Զրկանքներով լի ճանապարհին եղբայրներից մեկը՝ Թեոն, զոհաբերում է իրեն՝ մյուսներին փրկելու համար։ Երեխաները հասնում են փախստականների ճամբար և այնտեղ ապրում 10 տարի։ Հետո բախտը ժպտում է. նրանք իրավունք են ստանում ԱՄՆ մեկնելու։ Ինչպիսի՞ կյանք է սպասում նրանց, կհարմարվե՞ն նոր ու անծանոթ այդ աշխարհին, ի՞նչ նոր վտանգների առջև են հայտնվելու….Կիմանաք՝ դիտելով այս հրաշալի ֆիլմը։

«Նիկոստրատուս հավալուսնը» /Пеликан— 2012 թ.

Նախընտրելի տարիք՝ 12+

Լուսավոր ֆիլմ՝ բարի ու պարզ մարդկանց մասին՝ համեմված հունական փոքրիկ քաղաքի անկրկնելի տեսարաններով, նուրբ հումորով։ Ֆիլմում որպես դերասան հանդես է գալիս սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան։ Նրա կերտած հերոսը կնոջ մահից հետո չի կարողանում հաղթահարել ընկճվաճությունը, և փակում է իր հոգին բոլորի, մինչև անգամ միակ որդու՝ Յանիսի առջև։ Պատանի Յանիսն օգնում է հորն ամեն հարցում, բայց մենակության ու չհասկացվածության զգացումը հաճախ է տանջում նրան։ Մի օր Յանիսը նավում տեսնում է մի տարօրինակ թռչնիկի ու գնում նրան։ Այն հսկա ու սիրուն թռչուն է դառնում՝ լցնելով նրա մենակության դատարկությունը։ Հավալուսնը պիտի դառնա հոր և որդու վեճերի խորացման պատճառը , բայց և նրանց պիտի միավորի։ Թե ինչպե՞ս, կիմանաք՝ վայելելով այս անկրկնելի ֆիլմը….Հղումը՝ մեկնաբանություններում։

«Սողոմոնյան կղզիներում, երբ աբորիգեններն ուզում են ծառերից ազատել անտառի մի մասը ու դաշտ դարձնել, նրանք չեն կտրում ծառերը, այլ ամբողջ ցեղախմբով հավաքվում են ու գոռում ծառերի վրա։ Մի քանի օրից ծառերը սկսում են դեղնել ու դանդաղ մեռնել……»։

«Աստղիկներ՝ երկրի վրա» /Звездочки на земле-2007թ.

Նախընտրելի տարիք՝ 12+

«Սողոմոնյան կղզիներում, երբ աբորիգեններն ուզում են ծառերից ազատել անտառի մի մասը ու դաշտ դարձնել, նրանք չեն կտրում ծառերը, այլ ամբողջ ցեղախմբով հավաքվում են ու գոռում ծառերի վրա։ Մի քանի օրից ծառերը սկսում են դեղնել ու դանդաղ մեռնել……»։

Հնդկական արտադրության հարուստ ասելիքով, խորհելու մղող հուզիչ ֆիլմ՝ տարբերվող երեխայի ու բնատուր Ուսուցչի մասին։Փոքրիկ Իշանը ծննդյան օրից տարբերվում է մյուս երեխաներից։ Նա մտացրիվ է, ամենահեշտ առաջադրանքներն անգամ չի կարողանում կատարել դպրոցում։ Բոլորը նրան քննադատում են, միայն եղբայրն ու մայրն են փոքր-ինչ հասկանում ու կարեկցում։ Աշխատասեր ու հաջողությունների ձգտող հայրը ծանր է տանում այն փաստը, որ իր երեխան այդպիսին է։ Նա կարծում է, թե պատժի մեթոդով կկարողանա տղային վերափոխել։ Երեխան սկսում է ծանրագույն դրամա ապրել և ամփոփվում է ինքն իր մեջ…… Ինչպե՞ս է հնարավոր հանել նրան այդ վիճակից, ո՞վ կկարողանա անել դա……

«Պելե. լեգենդի ծնունդը» Пеле: Рождение легенды — 2016թ.

Նախընտրելի տարիք՝ 10+

Ոգեշնչող, անհնարինը հնարավոր դարձնելու մասին շատ հետաքրքիր ֆիլմ՝ լեգենդար ֆուտբոլիստ Պելեի մասին։Աղքատ ընտանիքում ծնված տղան փողոցում է սովորում ֆուտբոլ խաղալ․ առաջին հաջողություն բերող մրցաշարին էլ թիմը ոտաբոբիկ էր…..«Պելե»-ն սկզբում ծաղրանուն էր, բայց հետո դառնում է նրա պատվանունը։

Այն ոճը, որով խաղում էր Պելեն՝ ջինգոն, գալիս էր հնուց ՝ Բրազիլիայի ստրուկ սևամորթներից։ Աշխարհի խաղերի ժամանակ Բրազիլիայի պարտությունից հետո բոլորը ծաղրում էին այդ ոճը։ Պելեն շատ նվաստացումների ու կասկածների միջով է անցնում, մինչև մարդիկ հասկանում են, որ իրենց ազգայինն էր իրենց ուժը։

«Պարզիր թևերդ»/ Расправь крылья/ Spread Your Wings -2019թ.

Նախընտրելի տարիք՝ 12+

Համակարգչային խաղերից չկտրվողներին հրավիրե՛ք դիտելու այս արկածային և ոգեշնչող ֆիլմը։ Ֆիլմի հերոսն էլ՝ 14-ամյա Թոման, գերված համակարգչային խաղերով, մեծ դժվարությամբ է համաձայնվում 3 շաբաթ մնալ հոր ֆերմայում, որտեղ թռչնագետ հայրը որբացած վայրի սագերի տեսակը փրկելու ելքեր էր որոնում։ Սակայն այդ շաբաթները Թոմայի համար դառնում են վճռորոշ՝ նրա անձը ձևավորելու հարցում և պարգևում են անչափ հետաքրքիր արկածներ։Ֆիլմը բնության հանդեպ սիրո, խնամքի, երազանքին հասնելու ճանապարհի, վիրտուալ և իրական կյանքի հակադրության մասին է։ Եզրափակվում է հնդկացիական ասացվածքով. «Մենք երկիրը ժառանգեցինք մեր նախնիներից ու պարտք վերցրինք մեր երեխաներից…»։