«Հայ ասպետ» կրթադաստիարակչական, բարեգործական հիմնադրամը  ստեղծվել է 2006թ․ (հիմնադիր-տնօրեն՝ Կարին Տոնոյան)։

Հիմնադրամի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում և Արցախում ստեղծել մանկապատանեկան և երիտասարդական հայրենասիրական կազմակերպություններ, աճող սերնդին դաստիարակել համամարդկային և ազգային բարձր գաղափարներով, համահայկական միջոցառումների և հեռուստահաղորդումների միջոցով նպաստել աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայ պատանիների և երիտասարդների համախմբմանն ու հայրենագիտական իմացության զարգացմանը:

  • 2006թ․ ՀՀ դպրոցներում կազմավորվեցին մանկապատանեկան խմբեր՝ նժդեհիկների (փոքրիկ թափառաշրջիկներ) դասակներ, որոնք, առաջնորդվելով ազգային գաղափարախոսությամբ (մասնավորապես Գ․ Նժդեհի), մասնակցելու էին բնասիրական, ռազմահայրենասիրական, արշավային և այլ միջոցառումների։

                                                                         

  • 2006թ․ հիմնվեց «Հայ ասպետ» կրթամշակութային  կենտրոնը, որի նպատակն էր լրացուցիչ կրթության միջոցով կազմակերպել դպրոցահասակ երեխաների հայրենասիրական դաստիարակության գործը, ձևավորել հայ երիտասարդի՝ հայրենաճանաչ, բարեկերթ, հայեցի դաստիարակությամբ և կրթական բարձր մակարդակ ունեցող կերպար, նպաստել հայ պատանիների շրջանում ռազմական կրթության նկատմամբ հետաքրքրության աճին, զարգացնել բանակ-դպրոց անհրաժեշտ կապը։

Դասավանդվել են առասպելաբանություն, հայրենագիտություն, վարվեցողակարգ, ազգային երգ, ազգային պար, մարտարվեստ, ազգային գաղափարախոսություն,  խոսքի մշակույթ և այլ առարկաներ։

Կազմակերպվել են արշավներ, լեռնագնացություն, բնասիրական միջոցառումներ (ծառատունկ, տարածքների մաքրում  և այլն)։  

  • 2008թ․բացվեց «Հայ ասպետ» հեռուստախաղը, որի նպատակն էր ինտելեկտուալ խաղի միջոցով  հայտնաբերել ՀՀ և Արցախի դպրոցներում սովորող օժտված պատանիներին։ Արշավների, զանազան միջոցառումների ու լրացուցիչ կրթության միջոցով նպաստել նրանց կրթական միջավայրի բարելավմանը։

Հեռուստախաղը եթեր հեռարձակվեց 10 տարի, մասնակցեցին 11 հազար աշակերտներ ՀՀ, Արցախի և Սփյուռքի բազմաթիվ դպրոցներից, շուրջ 300 զինծառայող՝ համաբանակային «Հայ ասպետ» ծրագրի շրջանակներում։

Հեռուստախաղի հեռարձակման ընթացքում դեպի ՀՀ մարզեր արշավների են մասնակցել 100-ավոր երեխաներ, ամեն տարի հաղթող թիմերը մեկնել են Արևմտյան Հայաստան՝ շրջագայության։

«Հայ ասպետը» դարձել է հարազատ օջախ խաղի բազմաթիվ մասնակիցների համար, որոնք հեռուստանախագծի փակվելուց հետո էլ շարունակում են պարբերաբար այցելել, մասնակցել տարբեր միջոցառումների։

  • 2016թ․ հիմնադրվել է «Հայ ասպետ» հիմնադրամի հանրակրթական  դպրոցը, որն առանձնանում է  ազգային նկարագրով ու ընտանեկան ջերմ մթնոլորտով։ Բացի հանրակրթական ծրագրերից, դպրոցում մատուցվում է նաև լրացուցիչ կրթություն՝ առասպելաբանություն, թուրքերեն, ազգային երգ-պար, մշակույթի պատմություն  և այլն։ Դասապատրաստումն արվում է դպրոցում։ Կազմակերպվում են արշավներ, բնասիրական, ավանդական և այլ բնույթի միջոցառումներ։
  • 2020թ. ստեղծվեց «Որդուս» սոցիալ-կրթական հասարակական կազմակերպությունը, որը ձգտում է միավորել ազգային գիտակցություն ունեցող քաղաքացիներին և ուղղորդել նրանց ներուժը կենսունակ ազգային պետություն կառուցելուն։ Կազմակերպության նպատակն է.

ա. 2020թ. Արցախյան պատերազմից տուժած առավել խոցելի ընտանիքներին առաջին փուլում՝ հասցեական հումանիտար օգնություն հասցնելը (սնունդ, դեղորայք, կացարան, վառելիք, տեղեկատվական, իրավաբանական, բարոյահոգեբանական աջակցություն), այնուհետև՝ սոցիալական ձեռնարկատիրության, ոչ ֆորմալ կրթական և այլ ծրագրեր իրականացնելը։

բ. Աջակցել Հայաստանում կրթության, գիտության ու մշակույթի ոլորտի այն բարեփոխումներին, որոնք միտված են ազգային արժեքների պահպանությանը, պետության հզորացմանը, նպաստել Հայաստանում ազգային դիմագիծ կրող քաղաքացիների համախմբմանը, հայրենանվեր գործունեության համար անհրաժեշտ միջավայրի ու պայմանների ձևավորմանը:

գ. Ցուցաբերել նյութական և բարոյահոգեբանական աջակցություն պատերազմական գործողություններում զոհված և ծանր վիրավորում ստացած զինվորականների ընտանիքներին, պաշտպանել նրանց իրավունքները և շահերը և այլն:

  • 2023 թ․ դեկտեմբերի 22-ին «Հայ ասպետ» հիմնադրամի դպրոցը անվանակոչվեց նույն դպրոցի ուսուցիչ, Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի անունով։