ԱՐՇԱՎԱՅԻՆ ԱԿՈՒՄԲ

Արշավ Հանքավանում: 2021 թ.

Եթե հարցնեք՝ ինձ ինչ է տալիս «Հայ ասպետը», կպատասխանեմ, որ այն վերածվում է բևեռային աստղի և լույս դառնում ողջ կյանքիդ ընթացքում: Օգնում է գտնել ճիշտը ստի լաբիրինթոսում, ճանաչել և գտնել ինքդ քեզ, հասկանալ առաքելությունդ, նպատակդ , ճանաչել աշխարհը՝ իր հարթ ու ողորկ մակերեսներով, հասկանալ, թե ինչու ստեղծագործ մի ժողովրդի այդքան շատ բաժին հասավ ճակատագրի հարվածներից:

«Հայ ասպետ» խաղում երկրորդ հորիզոնականը գրավելուց հետո մենք հնարավորություն ստացանք մեկնելու Ջերմուկ՝ հնգօրյա արշավի:

Ցավոք մեկնեցիք երկուսով՝ ես ու Հասմիկը:

5 կիսաքուն գիշերներ քնապարկում, առավոտյան մարզանք, համեղ նախաճաշ, որ Մարետ տատին պատրաստել էր այդչափ սիրով և ջերմությամբ: Օրերը մեր անցնում էին անչափ հագեցած՝ քայլարշավներ էինք կազմակերպում գեղատեսիլ վայրերով, խաղում «Մաֆիա», որն ի դեպ մեզ շատ մտերմացրեց: Ամենից հիշարժանն անշուշտ գիշերային խարույկն էր: Դրսում ցուուուրտ, սառնամանիք, և խարույկի շուրջ կուտակված մեծ ու փոքր հայ: Դե կիթառը, ֆիդայու խրոխտ երգն ու անվերջ քննարկումները՝ մեզնից անպակաս:

«Հայ ասպետը» խաղ չէ կամ դպրոց, այն ապրելաոճ է , ապրելաձև: Այնքան մեծ հոգևոր սնունդ ենք ստանում մեր ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ հետ շփումից, որ հերիքում է նույնիսկ ամենախելահեղ գաղափարները ի կատար ածելու: Ամեն գործդ աշխատում ես ազգային անկոտրում ոգով համեմել, յուրաքանչյուր ձեռքբերում նշելիս ազգային պարեր պարել, հարգել ու սիրել մայրենիդ, խոր ակնածանքով վերաբերվել ազգային պատկանելությանդ:

Ճամբարից մենք հետ եկանք լացակումած ու տխուր, որ բաժանվում ենք, բայց գիտեինք, որ անպայման կհանդիպենք մի օր և չսխալվեցինք: Մենք բաց չենք թողնում իրար հանդիպելու, միասին ազգային երգ ու պար հնչեցնելու և ոչ մի առիթ։

Կյանքը չափվում է ոչ թե կատարած արտաշնչանքների քանակով, այլ այն պահերով, որոնցից շնչառությունդ կանգ է առնում: «Հայ ասպետը» հաղորդեց մեզ այդպիսի պահերի մի ամբողջ համաստեղություն: Այն տվեց մեզ իրար՝ Հայաստանի տարբեր մարզերից հավաքված պատանիների, որոնք իրենց հայ ասպետ են կոչում և արժանապատվորեն կրում են բարձր պատիվը հայ լինելու:

Հեղինակ՝ Ալլա Հարությունյան 2017թ․

***

«Հայ ասպետ»․․․․ Կյանքումս ունեցած լավագույն ձեռքբերումը։ Արշավային 5 օր, որոնք հագեցած էին ծիծաղով, երգով ու պարով և ԱՍՊԵՏՅԱՆ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ խորիմաստ դասերով ․․․․

Կարևոր ձեռքբերումն ու հարստությունը մեր՝ ունենալ ԱՍՊԵՏՅԱՆ ԸՆԿԵՐՆԵՐ Հայաստանի գրեթե բոլոր ծայրերից։

Ուրեմն՝ ԱՍՊԵՏՆԵՐԸ ՀԱՐՈՒՍՏ ԵՆ ՄԻՄՅԱՆՑՈՎ․․․․

Հեղինակ՝ Գրետա Սարգսյան 2017 թ․

Բարև: Մենք նժդեհիկներն ենք:

     Մենք ամենից շատ սիրում ենք արշավների մեկնել դեպի Հայաստանի պատմական վայրեր, ճանաչել այն երկիրը, որտեղ ապրել է մեր պապիկն ու ապուպապիկը` Հայկ Նահապետը: Դրա համար էլ մեզ կոչում են նժդեհիկներ` փոքրիկ թափառաշրջիկներ: Մեզ նժդեհիկ են կոչում նաև նրա համար, որ առաջնորդվում ենք Գարեգին Նժդեհի գաղափարներով:

Մենք 8 — 11 տարեկան դպրոցականներ ենք և ներգրավվել ենք նժդեհյան դասակներում՝ մեր ակտիվության շնորհիվ: Հայագիտական դասընթացներից բացի, մենք մասնակցում ենք «Հայրենիքը մերն է, մենք` հայրենիքինը» կարգախոսով կազմակերպվող 5-6-օրյա արշավների և բանակումների: Այդ մի քանի օրերն իսկական արկած են, որ կարելի է տեսնել միայն ֆանտաստիկ ֆիլմերում, մենք ապրում ենք բնության գրկում` վրանների մեջ, ինքնուրույն սնունդ հայթայթում` ծանոթանալով հայկական բնաշխարհի բարիքներին, մասնակցում ենք զինախաղերի և զինավարժությունների, բարձունքների, լեռնագագաթների նվաճման, տարածքների մաքրման: Եվ ինչքա~ն ենք սիրում մենք մեր երկրի երգն ու պարը, որոնցով համեմվում են հայոց լեռներում ու անտառներում՝ խարույկի շուրջ անցկացրած մեր երեկոները:

Մենք ակտիվ մասնակցում ենք ազգային տոների, միջոցառումների, հարգո օրերի և ծառատունկերի: Ամեն տարի մասնակցում ենք «Մանկության մեկ օր» միջոցառմանը, որն ամեն տարի կազմակերպվում է ՀՀ  որևէ քաղաքում կամ Արցախում՝ համախմբելով Հայաստանի բոլոր մարզերից եկած մանուկներին: Արդեն ավանդույթ է դարձել ամեն տարի Վարդանանց տոնին մեր այցը Իջևանի Ակնաղբյուր գյուղ, որտեղ մենք ներկա ենք լինում տոնակատարությանը և նվերներով ծառայության ճանապարհում հայոց բանակի նորակոչիկներին: 2007թ-ին կազմավորվեց մեր առաջին դասակը, կազմակերպվեց մեր առաջին արշավը դեպի Խուստուփ լեռ, որտեղ Նժդեհի աջն ամփոփող տապանաքարի հարևանությամբ տեղադրեցինք մեր քարե ծննդականը: Նժդեհիկները, ինչպես հայ ասպետները, ունեն իրենց համազգեստը, հիմնը, դրոշը:

                                                                         Սիրով` քո բարեկամ նժդեհիկ