«ՀԱՅ ԱՍՊԵՏ» ԿԲՀ-Ի ՄԵՆՈՒԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ՈՒՍՈՒՑՉԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԻ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են դպրոցի ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի կազմակերպման և անցկացման իրավահարաբերությունները:
2. Թափուր տեղ է համարվում մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկով և տվյալ հաստատության տարիֆիկացիոն ցուցակով նախատեսված` ուսուցչի չզբաղեցրած պաշտոնը:
3. Թափուր տեղ առաջանալու դեպքում դասաժամերը տրամադրվում են հաստատությունում աշխատող, համապատասխան որակավորում ունեցող, նույն հաստատությունում տվյալ առարկան դասավանդած կամ դասավանդող՝ մինչև 20 դասաժամ ծանրաբեռնվածություն ունեցող ուսուցչին:
4. Հաստատությունում մրցույթ հայտարարվում է տվյալ առարկան դասավանդող ուսուցչին առնվազն 20 դասաժամ ծանրաբեռնվածությամբ ապահովելուց կամ այդ ծանրաբեռնվածությունից նրա գրավոր հրաժարվելուց հետո:
5. Մրցույթը հայտարարվում է թափուր տեղ առաջանալու օրվանից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ հունիսի 1-ից օգոստոսի 20-ն ընկած ժամանակահատվածում թափուր տեղ առաջանալու դեպքում մրցույթը հայտարարվում է օգոստոսի 5-ից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:
6. Թափուր տեղ առաջանալու օրվանից մինչև մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի հետ աշխատանքային պայմանագիր կնքելու օրը, ինչպես նաև թափուր տեղը մրցութային կարգով չհամալրվելու կամ մրցույթի արդյունքում հաղթող չճանաչվելու դեպքում (անկախ պատճառներից), որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով աշխատանքի կարող է ընդունվել «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխանող անձ:
II. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
1. Հաստատությունը թափուր տեղը համալրելու համար մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակում է հաստատության սոցէջերում և կայքում:
2. Հայտարարության տեքստում նշվում է՝
1) հաստատության լրիվ անվանումը, գտնվելու վայրը,
2) թափուր տեղի անվանումը, շաբաթական ժամերի քանակը,
3) սույն կարգի III/ 2-րդ կետով սահմանված փաստաթղթերի ցանկը,
4) մրցույթի անցկացման օրը, ժամը և տեղը,
5) փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը:
3. Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերն ընդունվում են սոցցանցերում հայտարարությունը հրապարակվելու օրվանից` 15 աշխատանքային օրվա ընթացքում:
4. Մրցույթն անցկացվում է փաստաթղթերի ընդունման ավարտից հետո ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում:
III. ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
1. Մրցույթին կարող է մասնակցել հաստատության տվյալ թափուր տեղին ներկայացվող` «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխանող անձը:
2. Մրցույթին մասնակցելու համար մասնակիցը հաստատության էլփոստին է ուղարկում կամ տնօրենի կողմից նշանակված պատասխանատու աշխատակցին է ներկայացնում՝
1) դիմում,
2) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի (դիպլոմ) պատճեն,
3) անձը հաստատող փաստաթղթի պատճեն,
4) ինքնակենսագրություն:
3. Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը ներկայացված փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ, ինչից հետո բնօրինակները վերադարձնում է մասնակցին:
IV. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
1. Մրցութային հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) ձևավորվում է մրցույթի անցկացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ: Հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է հաստատության տնօրենը` այդ մասին տեղեկացնելով հանձնաժողովի անդամներին:
2. Հանձնաժողովը կազմվում է 3 անդամից` տնօրեն (տնօրենի պաշտոնակատար կամ պարտականությունները կատարող), տնօրենի՝ ուսումնական աշխատանքի գծով տեղակալ, համապատասխան մասնախմբի ղեկավար:
3. Հանձնաժողովի նախագահը հաստատության տնօրենն է:
4. Հանձնաժողովի որոշմամբ մրցույթը հետաձգվում է մեկ անգամ և ոչ ավելի, քան երեք աշխատանքային օրով, եթե`
1) հանձնաժողովի նիստը իրավազոր չէ,
2) հավակնորդներից ոչ մեկը չի ներկայացել մրցույթի:
5. Հետաձգված հանձնաժողովի նիստը չկայանալու դեպքում սույն կարգի համաձայն հայտարարվում է նոր մրցույթ և ձևավորվում է նոր հանձնաժողով:
6. Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք:
7. Մրցույթին մասնակցելու թույլտվություն չտալու դեպքում հանձնաժողովը նույն օրը մասնակցին գրավոր ներկայացնում է մերժման իրավական հիմքերը:
8. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են առնվազն 2 կողմ ձայնով:
V. ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
1. Մրցույթն անցկացվում է երեք փուլով` հարցազրույց, թեստավորում, և ՏՏ կիրառման հմտություններ:
2. Հարցաշարերը հաստատվում տնօրենի կողմից, կազմում են դպրոցի մեթոդմիավորումները։
VI. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
1. Հարցազրույցի փուլի համար նախատեսված հարցաշարը կազմում է հաստատությունը:
2. Հանձնաժողովը յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին:
3. Հարցազրույցի ժամանակ մասնակիցը վիճակահանությամբ ընտրում է մեկ հարցատոմս, որը բաղկացած է հարցազրույցի փուլի համար նախատեսված հարցաշարի 5 հարցերից։ Հարցերը պետք է լինեն իրավիճակային և ուղղված լինեն մասնակիցների մանկավարժական և ուսումնամեթոդական գիտելիքների, կարողությունների և հմտությունների բացահայտմանը։ Յուրաքանչյուր հարցի պատասխանը գնահատվում է առավելագույնը 2 միավոր:
4. Յուրաքանչյուր մասնակցին տրվում է մինչև 15 րոպե ժամանակ՝ հարցազրույցին պատրաստվելու համար.
5. Մասնակիցը, ծանոթանալով հարցատոմսին, իր նախընտրած հերթականությամբ պատասխանում է հարցերին:
6. Մասնակցի բոլոր պատասխանները հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ գնահատում է հանձնաժողովի նախագահի կողմից կնքված և ստորագրված գնահատման թերթիկում՝ 10 բալանոց սանդղակով:
7. Հարցազրույցի ընթացքում մասնակցին արգելվում է օգտվել կապի միջոցներից, այլ տեխնիկական սարքերից, տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութերից կամ հարցատոմսի հարցերին պատասխանելու աղբյուր հանդիսացող այլ միջոցներից։ Արգելվում է[u1] նաև հարցատոմսի բովանդակության հետ կապված հարցեր տալ հանձնաժողովի անդամներին:
8. Յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցը արձանագրվում և ձայնագրվում է:
9. Հարցազրույցն ավարտելուց հետո բոլոր մասնակիցները հրավիրվում են քննասենյակ:
10. Հանձնաժողովի նախագահը հայտարարում է մասնակցի անունը, ազգանունը, հավաքած միավորների ընդհանուր քանակը և դրա տոկոսային արտահայտությունը:
11. Հանձնաժողովի նախագահի հայտարարություններն արձանագրվում են քարտուղարի կողմից:
12. Հարցազրույցի փուլում մասնակցի ստացած միավորների տոկոսային արտահայտությունը պետք է լինի առնվազն յոթանասուն տոկոս` հարցազրույցի փուլը հաղթահարելու համար:
13. Մրցույթի հաղթող է ճանաչվում առավելագույն միավորներ հավաքած մասնակիցը: Եթե մեկից ավելի մասնակիցներ հավաքել են առավելագույն հավասար միավորներ, ապա ընտրվում է այն մասնակիցը, որին կողմ է քվեարկել դպրոցի տնօրենը:
VII.ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՓՈՒԼ
1. Թեստավորման փուլն անցկացվում է այդ նպատակի համար առանձնացված սենյակում:
2. Մասնակիցը թեստավորմանը մասնակցելու համար ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ: Հանձնաժողովի քարտուղարը ստուգում է մասնակցի ինքնությունը և թույլատրում նրան մուտք գործել թեստավորման անցկացման սենյակ: Մասնակիցների մուտքը սենյակ դադարեցվում է թեստավորումը սկսելուց 10 րոպե առաջ:
3. Մասնակիցներին արգելվում է իրենց հետ սենյակ ներս բերել կապի միջոցներ, այլ տեխնիկական սարքեր, տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր կամ թեստավորման առաջադրանքների կատարման աղբյուր հանդիսացող այլ միջոցներ:
4. Հանձնաժողովի քարտուղարը մասնակիցներին բացատրում է թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը, պատասխանում է մասնակիցների հարցերին, ինչպես նաև տեղեկացնում է տևողության մասին:
5. Ստուգված թեստային առաջադրանքի միավորի տակ ստորագրում են հանձնաժողովի բոլոր անդամները, իսկ անհամաձայնության դեպքում կցվում է տվյալ հանձնաժողովի անդամի հատուկ կարծիքը:
6. Բոլոր թեստային առաջադրանքները ստուգելուց հետո հանձնաժողովի նախագահը բոլոր մասնակիցներին հրավիրում է քննասենյակ՝ թեստավորման փուլի արդյունքները հրապարակելու համար:
7. Գրավոր աշխատանքների պատճենները, ցանկության դեպքում, կարող են տրամադրվել մասնակիցներին նույն օրը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հաջորդ աշխատանքային օրը:
VIII. ՏՏ ԿԻՐԱՌՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Այս փուլում մասնակիցներին, ըստ մասնագիտացման, տրվում է որևէ թեմա, որի շուրջ մասնակիցը պետք է պատրաստի ուսուցողական տեսանյութ, սահիկաշար և այլն:
- Բոլոր մասնակիցներն ապահովվում են անհրաժեշտ տեխնիկայով և տրվում 30 րոպե ժամանակ՝ նյութը պատրաստելու համար:
- Նյութը պատրաստելուց հետո մասնակիցը ներկայացնում է իր աշխատանքը դասավարման սկզբունքով:
IX. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ
1. Սույն կարգի համաձայն՝ մրցույթում հաղթող ճանաչված կամ ընտրված մասնակիցը 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է դիմում` աշխատանքային պայմանագիր կնքելու համար:
2. Սույն կարգի համաձայն՝ տնօրենը մրցույթում հաղթող ճանաչված կամ ընտրված մասնակցի հետ օրենքով սահմանված կարգով կնքում է աշխատանքային պայմանագիր՝ դիմումը ներկայացնելուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում: