Եթե Դուք փնտրում եք Ձեր երեխայի կրթության և դաստիարակության համար նվիրյալ գործընկեր, ապա մենք Ձեզ առաջարկում ենք միանալ մեր երազանքին՝ կերտել հայ պատանու, ապագա քաղաքացու և երջանիկ մարդու նոր տեսակ: «Հայ ասպետը» դպրոց-ընտանիք է, որի նպատակն է ստեղծել կրթադաստիարակչական նոր և ինքնատիպ միջավայր, որտեղ ազգ-ընտանիք գաղափարախոսության պայմաններում կձևավորվի իր ունակությունների համապատասխան կրթություն և կարողություններ ձեռք բերած, հայրենաճանաչ ու հայրենատեր, բարեկիրթ և առաքինի, իր և «մենքի» համար պատասխանատու քաղաքացի: «Հայ ասպետ» դպրոցի առաքելությունն է փորձարարական մեթոդներով ստեղծել ազգային հոգեկերտվածքի և համամարդկային նոր մարտահրավերների պահանջներին և դրսևորումներին համապատասխան կրթություն՝ կերտելով արմատներով խորապես ազգայինից սնվող և ճյուղերը դեպի համամարդկային արժեքները պարզած ինքնաճանաչ ու մրցունակ սերունդ: