Բարեկենդան
Բարեկենդանը մեր ազգային ամենագունեղ, ուրախ, դիմակահանդես հիշեցնող տոներից է։ Տոնն ունի հեթանոսական արմատներ, հնում նշվել է մարտի 21-ին, խորհրդանշել է բնության զարթոնքը, մարդիկ իրար բարի կենդանություն են մաղթել՝ դրանով պաշտպանելով իրենց չար ուժերից։ Քրիստոնեական տոնացույցում Բարեկենդանը շարժական տոն է և նախորդում է Մեծ պասին։ Բուն բարեկենդանին մարդիկ ճոխ սեղաններ էին գցում, երիտասարդները զանազան ներկայացումներ, մրցախաղեր էին կազմակերպում, երգում, պարում։ Այդ օրը նույնիսկ կարելի էր անել այնպիսի բաներ, որոնք սովորաբար չէին խրախուսվում։
Համբարձման տոն: Վիճակ: Կաթնապրի տոն:
Համբարձման տոնը հեթանոսական բնապաշտության և քրիստոնեական գաղափարախոսության ժողովրդական ընկալման զուգորդումներից է: Համբարձումը բնության ու բեղունության տոն է: Մարդիկ, ավարտելով գարնանային աշխատանքները, դաշտերում երգում ու պարում էին՝ Մայր բնությունից, Արարչից լավ բերք խնդրելով: Համբարձման գիշերվա վերաբերյալ տարածված էր Լեյլիի ու Մեջլունի հանդիպման առասպելը: Չհասնելով իրենց մուրազին՝ նրանք աստղեր են դառնում և միայն Համբարձման գիշերը հանդիպում ու ջերմ գրկախառնվում են: Հաջորդ օրը չամուսնացած աղջիկները յոթ աղբյուրից ջուր էին հավաքում, սիրո ծաղկեփնջեր կապում և երգերի ուղեկցությամբ կատարում էին վիճակահանության ծեսը, որը լավագույնս նկարագրել է Հովհաննես Թումանյանը «Անուշ» պոեմում: Համբարձման տոնին կենդանու արյուն չէր հեղվում, և դա նույնպես բնապաշտական իմաստ ուներ:
Վարդանանց կանչ — Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղում գտնվում է մի ծառ, որը, ըստ ավանդության, տնկել է Վարդան Մամիկոնյանը: Ասում են` հնում գյուղի ծերերն այդտեղից են բանակ կամ պատերազմ ճանապարհել իրենց որդիներին և հորդորել. «Որդի՛, Վարդանի աղբրից ջո՛ւր խմիր, ձեռքդ Վարդանի ծառի՛ն քսիր ու քեզ չարուչոռ չի դիպչի»: Ավանդույթը վաղուց մոռացվել էր. 2006 թվականին «Հայ ասպետի» միջնորդությամբ այն վերականգնվեց որպես ժողովրդական զորակոչ և կոչվեց «Վարդանանց կանչ»: