Նախընտրելի տարիք՝ 10+
Ֆրանսիացի կինոպոետ Նիկոլա Վանիեի տպավորիչ, հովվերգական այս ֆիլմը որբ տղայի՝ Սեբաստիանի ու բոլորի կողմից գազան համարվող շան՝ Բելլի ընկերության մասին է: Ֆիլմը լի է չքնաղ բնապատկերներով, ունի արկածային, սրընթաց սյուժե: Գործողությունները տեղի են ունենում 1943թ. Ֆրանսիայում՝ Ալպերի լեռներին ծվարած Սեն-Մարտեն գյուղում։ Գյուղացիներին անհանգստացնում է մի վայրենացած շուն, որը գողանում է գառներին։ Հետո իհարկե պարզվում է, որ դաժան տիրոջից փախած այդ շունը չէր ոչխարների հոտի վրա հարձակվողը։ Մյուս կողմից շարունակվում է Երկրորդ համաշխարհային պատերազմը և գերմանացիները խլում են գյուղացիների վերջին ապրուստը, հսկում լեռներով դեպի Շվեցարիա փախչող մարդկանց։ Ահա այս պայմաններում է փոքրիկ Սեբաստիանը հանդիպում ու ընկերանում «գազանի» հետ, որը կարևոր դեր է խաղում հերոսների կյանքում։Ֆիլմն ունի երեք սերիա: Երկրորդ սերիայում Սեբաստիանն աչքի է ընկնում իր սուր կանխազգացումով և մեծ նվիրվածությամբ, իսկ Բելն օգնում է կյանքեր փրկել: Զարմուհուն՝ Ավգուստինային որոնելիս Սեբաստիանը վերջապես ծանոթանում է հոր հետ . կների՞ Սեբաստիանը նրան։Երրորդ սերիայում Բելլն արդեն քոթոթներ ունի, նրան ու Սեբաստիանին ուզում են բաժանել։Սեբաստիանը ամեն ինչ անում է՝ նրանց չկորցնելու համար……