․․․«Պարն է արտահայտում յուրաքանչյուր ազգի բնորոշ գծերը, մանավանդ բարքն ու քաղաքակրթության աստիճանը»։
Կոմիտաս
«Հայ ասպետ» հեռուստախաղի ընթացքում հայ ազգային պարերը քանիցս ներկայացվել են որպես մրցութային թեմա։ Հանրության շրջանում առաջացած խանդավառությունն ու հետաքրքրությունը հիմնադրամի ղեկավարությանը հուշեցին կազմել պարուսույց-ձեռնարկ, որի միջոցով ազգային պարեր սովորելու հնարավորություն կունենան բոլոր ցանկացողները և իրենց երակներում կարթնացնեն ազգային ոգին, ռիթմը, թրթիռը։
Պարերը ներկայացնում է Գագիկ Գինոսյանը։
«Ծաղկաձորին» Վասպուրականի ամենադիտարժան պարերից է։ Այն հիմնականում պարել են ուխտատեղիներում։ Պարը կապված է եղել պտղաբերության, բուսական և կենդանական աշխարհի վրա մոգական ազդեցություն ունեցող գործողությունների հետ։ Դա են մատնանշում պարի բարձր թռիչքները։
«Թամզարան» հարսանեկան երգ-պար է։Այն պարել են հայկական շատ բնակավայրերում, գրառվել է 17-ից ավելի տարբերակ։
«Էջմիածինը» Կարնո պարանմուշներից է։ Այն շատ հին է։Ձեռքերը վեր պարզած բռնելու ձևը համեմատում են եկեղեցու գմբեթի հետ, սակայն այն, ըստ երևույթին, հեթանոսական ծագում ունի, և վեր պարզած ձեռքերն ավելի շատ հիշեցնում են ձոն արևին։
Քոչարի պարի այս տարատեսակը տարածված է եղել Կարինի շրջանում։ «Քոչ» արմատը, ըստ երևույթին, կապ ունի խոյի «գոչ», «ղոչ» և «խոչ» անվանումների հետ, գալիս է վաղնջական ժամանակներից և կապված է խոյի պաշտամունքի հետ։ Այս սիրված պարատեսակը հրապուրիչ է պատկերավոր գունագեղությամբ և առնական դինամիկայով։
«Փափուռին» չարխափան պար է։ Պարել են չար ուժերին վանելու նպատակով։ «Փափուռի» պարի մեջ առկա են այնպիսի շարժումներ, ինչպիսիք են ծափը, ոտքով հարվածելը և «չաթմա» զարկելը։ Ըստ ավանդույթի՝ ծափերի միջոցով, կրունկով կամ թաթով հարվածելով վախեցնում ու հարվածում էին չար ուժերին: