- 1813թ.-ին Գյուլիստանի պայմանագրով ռուսաց Եկատերինա Բ կայսրուհին Արցախն ու Զանգեզուրը կցեց իր կայսրությանը` իրականացնելով Պետրոս Մեծի ծրագիրը: Այդ թվականներից մինչև Առաջին համաշխարհային պատերազմը պատմական Սյունիքն ու Արցախը երբեք չդադարեցին գոտեպնդվել 17-րդ դարի իրենց դյուցազուն հերոսների հզոր ոգով, մինչև որ ցարական բռնակալությանը հաջորդող ռուսական հեղափոխությունները քայքայեցին թուրքական ճակատում համախմբված ռուս բանակները, որոնք հեռացան` բախտի քմահաճույքին թողնելով Անդրկովկասյան երկրամասերը, որոնց թվում էին Արցախն ու Զանգեզուրը:
- Սյունեցիների անընկճելի և անպարտ ոգին չէր հանձնվում, նրանք չէին ցանկանում ապրել օտարի տիրապետության տակ։Նրանք օգնություն էին խնդրում Երևանից, և Երևանը ուղարկում է ՆԺԴԵՀԻՆ։ Բոլորը ցնծությամբ են ընդունում նրան: Մի շարք վայրերում հաղթանակներ են տոնում՝ Ղափանում, Գողթանում, Գենվազում և այլուր։Նույն ժամանակահատվածում կռիվներ են լինում նաև Արցախում։
- Արցախն օգնություն էր աղաղակում։ Դիմելով Զանգեզուրի ռազմական ուժերի հրամանար Նժդեհին՝ 1920թ. ապրիլի 8-ին խնդրում էին . «Այժմ, երբ Ղարաբաղը բարձրացրել է ապստամբության սրբազան դրոշը և արնաքամ է լինում, պետք է օգնել նրան ոչ թե զորամասերով կամ դրամական միջոցներով, այլ մի փորձ առաջնորդով և ռազմամթերքով։ Այդպիսի առաջնորդ առայժմ Նժդեհն է, որի անունը թշնամիների համար դարձել է վրեժխնդրության խորհրդանշան, և որի անունից թշնամին սարսափահար փախչում է, ինչպես ցույց տվեցին մոտիկ անցյալի դեպքերը, երբ թշնամու կանոնավոր զորքերը լսեցին Նժդեհի Գողթանից վերադառնալու մասին, խուճապահար փախուստի դիմեցին։Նժդեհն ստեղծված է ժողովրդի համար, և նա պիտ լինի այնտեղ, ուր նրա կարիքն ավելի է զգացվում»։
- 1920թ.` դեպի արևելք կատարած արշավանքի ժամանակ, Խորհրդային բանակը մտել էր նաև Պարսկակաստան, գրավել մի շարք տարածքներ: Այս իրավիճակում պարսից կառավարությունը հասկանալով, որում Սյունիքի պարտության դեպքում բոլշևիկներն ավելի հաճախ կվտանգեն իրենց սահմանները, Նժդեհի հետ բարեկամական հարաբերություններ է հաստատում: Գ. Նժդեհը, քաղաքական իրավիճակից օգտվելով, Գենվազի և Թավրիզի միջև երթևեկություն հաստատելու առաջարկ է անում, որը պարսից կառավարությունն ընդունում է: Պարսիկները խոստանում են նաև կապարգողթցիներին տեղյակ պահել Օրդուբադի կողմից թշնամու տեղաշարժերի մասին:
- Տաթևի համազանգեզուրյան համագումարում Սյունյաց սպարապետ հռչակված Նժդեհը 1920թ. դեկտեմբերի 15-ին ազատագրված շրջանների մեջ կարգ ու կանոն հաստատելու համար Զանգեզուրում հայտարարում է զինվորական դրություն. «Սահմանում եմ մահվան պատիժ դավաճանության, լրտեսության, պրովոկացիայի, սպեկուլիացիայի, կաշառակերության և նման այլ հանցանքների համար: Բոլոր պաշտոնյաններին հրամայում եմ` աշխատել օրվա ընթացքում 24 ժամ և կանգնել իրենց կոչման բարձրության վրա»:
- 1920թ. հոկտեմբերի 1-ին` Գենվազի կռիվների քառասուներորդ գիշերը, Նժդեհը գրություն է ուղարկում Երևան և ներկայացնելով Գենվազի հերոսական պաշտպանների օրհասական վիճակը` օգնություն է խնդրում: Ստանալով մերժողական պատասխան` Նժդեհը հանդուգն քայլի է գնում: Նա որոշում է հոգնած և ուժասպառ Գենվազից կռվի ծանրությունը տեղափոխել խորհրդային կարգերից խաբված ու դժգոհ Ղափան` դիմելով խելահեղ մի հանդգնության. կեսգիշերին յոթ ձիավորներով մեկնում է Ղափան և ճանապարհին իր խումբը համալրելով շուրջ 50 զինվորով՝ հարձակվում է Գյուտ-Կումի գյուղի վրա, որի տեղական դպրոցում քնած էր բոլշևիկյան զորամասը: Հանկարծակիի գալով` նրանք չեն հասցնում զենքի դիմել: Հոկտեմբերի 10-ին արդեն Նժդեհը վերագրավում է ամբողջ Ղափանը` ձեռք բերելով ռազմական հարուստ ավար:
- «Զգույշ, սրան Կուրոչկին կասեն…. սա է ջարդել Դենեկինին, Կոլչակին, և շատերին, այսօր-վաղն էլ Նժդեհի և Ղափանի փոշին էլ քամուն կտա», — հայտարարում էին Գորիսի բոլշևիկները Հյուսիսային Կովկասից օգնության հասած 11-րդ բանակի հեծելազորի հռչակված հրամանատար Կուրոչկինի մասին, որը 1920թ. նոյեմբերի 3-ին սկսում է հարձակումը Նժդեհի զորքի դեմ: Սակայն Նժդեհի ռազմավարական խաղերին անծանոթ Կուրոչկինն անընդհատ առաջանում է և խտացնելով իր շարքերը`մտնում ձորը: Շուտով հայ զորքը դադարեցնում է իր խաբուսիկ նահանջը և ցած գլորվող պայթուցիկ տակառները մահ են սփռում թշնամու շարքերում ու ստիպում նրա աջ և ձախ թևերին անձնատուր լինել: Մնացածը նահանջում են` Կապարգողթի քաջերին թողնելով 500 գերի, 24 գնդացիր, հրացաններ, ռազմամթերք, հացի պաշար և այլն : Հայերը ունեին միայն մեկ սպանված և երկու վիրավոր:
- 1921թ. 11-րդ կամիր բանակի զինխորհրդի անդամ Հեկկերը Նժդեհին ուղղված նամակում հեգնանքով հարցնում էր, թե զանգեզուրցիներն իրենց հույսն արդյոք ում վրա են դրել, որն է նրանց ուժը: Նժդեհը պատասխան նամակում պատմում է կարճևանցի մի կնոջ մասին, որն արդեն երեք օր ծարավ զինվորներին ջուր հասցնելու համար երկու անգամ ընկնում է կարմիրների գնդացրային կրակի տակ, վիրավորվում: Դրանից հետո բոլորը համոզված են լինում, որ նա այլևս չի վերադառնա, բայց նա շուտով հայտնվում է` ջրով լի կուժն ուսին. «Վիրավորված հայ կնոջ ներկայությունը կրակով ու վրեժով լցրեց մեր հոգիները, և կես ժամ անց ձերոնք սարերից կրնկակոխ փախչում էին: Ահա իմ ուժը», — եզրափակում է Գ. Նժդեհը:
- 1920 թ. հուլիսի 12-ին Ղափանում հրավիրվում է արտակարգ ներկայացուցչական ժողով, որը պետք է պատասխան տար զինկոմիսար Իվանովի` կարմիր բանակի համար Մեղրիով Օրդուբադ-Ջուլֆա ճանապարհ բացելու վերջնագրին: Ժողովրդի տրամադրության վրա ճնշում չգործադրելու համար Գ. Նժդեհը չէր մասնակցում նիստին, սակայն երբ տեղեկանում է, որ ժողովականները ցանկանում են հանձնվելու որոշում կայացնել, շտապում է այնտեղ և ասում. «Եկա ձեր վերջին խոսքը լսելուց առաջ իմ վերջին խոսքը ասելու: Վաղուց է, ինչ կռվում եմ ձեր երկրում, ձեզ համար: Որպես բարոյական վարձատրություն՝ կուզեի, որ հանձնվելուց առաջ հանեիք իմ աչքերը, կուրացնեիք ինձ, որ անբախտություն չունենայի ձեր գլխին գալիք աղետը տեսնելու»:
Կես ժամ չանցած` ժողովը որոշում է ինչ գնով էլ ուզում է լինի, կարմիրներին թույլ չտալ Ղափան ներխուժել:
- 1921 թ. ապրիլին` Երևանում բոլշևիկների դեմ սկսված ապստամբության պարտությունից հետո, հայ գաղթականների մի ստվար զանգված, որոնց մեջէր նաև հայ մտավորականության վերնախավը, ապաստանել էր առանց այդ էլ հյուծված ու ուժասպառ Սյունիքում: Ստեղծված ծանր դրությունից դուրս գալու համար Նժդեհը խնդրանքով դիմում է պարսից շահին թույլ տալ հայ մտավորականներին ( 5000 հոգի) «անցնելու հյուրընկալ Պարսկաստանի հողն ու ժամանակավորապես ապաստանելու այնտեղ….»: Բայց մինչ Թեհրանի կառավարության կողմից պաշտոնական արտոնություն ստանալը, Դևզալի Մեհտի խանը, բացելով սահմանները, պատասխանում է. «Մեծանուն զորապետ Նժդեհ… ես ինքս բարձր գնահատելով Ձեր հռչակավոր անունը…. պատրաստ եմ մատուցելու Ձեզ ամեն մի ծառայություն, ինչ որ վայել է Ձեր անվան վեհությանը»:
Ըստ Վ. Գևորգյանի «Լեռնահայաստանի հերոսամարտը» գրքի